Բոստոնցի հայուհին` ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում. նա հպարտանում է իր արմատներով

Առաջին անգամ «Միսս Բոստոն» հեղինակավոր մրցույթի տիտղոսակիրը հայուհի է։ Պատանի գեղեցկուհին այժմ ձգտում է նոր բարձունքներ նվաճել։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նա պատմել է առաջիկա ծրագրերի և պատմական հայրենիքի հետ կապի մասին։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Քրիստինա Այանյանն առաջին հայուհին է, որը փետրվարի 9-ին Բոստոնում կայացած ամենամյա գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց։ Աղջիկը նման միջոցառումների մասնակցելու մեծ փորձ ունի. 10 տարեկանում նա Miss Junior Competition մրցույթի հաղթող դարձավ։ Իսկ մի քանի տարի անց նրան ճանաչեցին Մասաչուսեթս նահանգի ամենագեղեցիկ աղջիկը։

Մի քանի անգամ հաղթողի բերկրանքը վայելած 22-ամյա Քրիստինան խոստովանում է` երբեք չի մոռանում այն պահը, երբ հնչեցրին «Միսս Բոստոն 2020» մրցույթի հաղթողի անունը։

Բոստոնցի հայուհին` ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում. նա հպարտանում է իր արմատներով

«Այս տիտղոսի մասին մանկուց եմ երազել։ Շատ հուզված էի, միևնույն ժամանակ անչափ շնորհակալ, չէի կարողանում նույնիսկ խոսել։ Մինչ օրս տեսնում եմ դահլիճում նստած մայրիկիս, ընտանիքիս մյուս անդամների և ընկերներիս երջանիկ դեմքերը... Հպարտանում եմ, որ առաջին հայուհին եմ, որը հաղթեց այս մրցույթում»,– ասում է նա։

Աղջիկն առանձնահատուկ կարևորում է հայրենակիցների աջակցությունը։

Այժմ Քրիստինան ավելի մեծ մրցույթի է նախապատրաստվում` «Միսս Մասաչուսեթսին»։ Նա չի թաքցնում` երազում է ԱՄՆ հեղինակավոր գեղեցկության մրցույթում փորձել ուժերը։

Միայն գեղեցկուհի չէ

Քրիստինան ավարտել է Բենթլիի համալսարանը և աշխատում է Nasdaq հայտնի ֆոնդային բորսայում` որպես ֆինանսիստ(կառույցը մասնագիտացած է բարձր տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի առուվաճառքով):

«Միսս աշխարհ 2019». Լիանա Ոսկերչյանը քանոն է նվագել ու հայտնվել տաղանդավորների հնգյակում

«Մի օր իմ ներդրումը կունենամ Հայաստանում բիզնեսի զարգացման հարցում», – ժպտալով նշում է նա։

Աղջիկը նաև լրագրությամբ է զբաղվում։ Նա հիմնականում  գրում է Armenian Weekly ամերիկյան պարբերականի համար։ Բացի այդ, դաշնամուր է նվագում, պարում, դահուկներով սահում և հայկական բաղադրատոմսեր ուսումնասիրում, դրանում նրան օգնում են մայրիկն ու տատը։

Ի դեպ, դաշնամուր նվագելը միայն հոբբի չէ. վերջերս նա հաղթել է International Piano and Strings Competition մրցույթում և այս տարվա ապրիլին արդեն երրորդ անգամ ելույթ կունենա Քարնեգի հոլի բեմում։

Իսկական հայուհի

Քրիստինան ծնվել և մեծացել է ԱՄՆ–ում, բայց ազատ տիրապետում է մայրենիին և սերտ կապ պահում պատմական հայրենիքի հետ։

«Ընտանիքում մենք հայերեն ենք խոսել։ Մինչև 6 տարեկան դառնալս նույնիսկ անգլերեն չգիտեի։ Սուրբ Ստեփանոսի հայկական դպրոցն էի հաճախում և շատ երախտապարտ եմ ուսուցիչներիս, որոնք բոլոր սաների մոտ մայրենիի նկատմամբ սեր արթնացրին։ Դպրոցն ավարտելուց առաջ մեզ երկու շաբաթով Հայաստան շրջագայության ուղարկեցին»,– պատմում է Քրիստինան։

Հայազգի հայտնի մոդելների հնգյակը

Նրա խոսքով` այդ շրջագայությունը, կարծես, մկրտության նման մի բան լիներ, որից հետո սաները սկսեցին իրենց «իսկական հայ» զգալ։

Աղջիկը բավական հաճախ է այցելում պատմական հայրենիք, որտեղ շատ ընկերներ ու բարեկամներ ունի։ Ասում է` Հայաստանում շատ սիրված վայրեր ունի` Տաթևը, Գեղարդը, Քարահունջը, Գառնին, Խնձորեսկը... Իսկ անցած տարի առաջին անգամ Արցախ է այցելել։ Հայկական խոհանոցից Քրիստինան նախընտրում է թաթար-բորակին և շատ է սիրում թարմ լավաշը։

Հինգ երկիր, որտեղ հայերն անմոռանալի հետք են թողել

Բոստոնցի գեղեցկուհին հպարտանում է իր արմատներով, հարուստ ժառանգությամբ ու հայ ժողովրդի պատմությամբ։

Անցած ամառ նա մասնակցել է Համահայկական խաղերին (1999 թվականից անցկացվող միջազգային մրցումներ, որոնց մասնակցում են հայ մարզիկներ ամբողջ աշխարհից) և խոստովանում է, որ դա իր կյանքի ամենահիշարժան ամառն էր։

«Մենք ուսումնասիրում էինք տեսարժան վայրերը, համտեսում հայկական խոհանոցի համեղագույն ուտեստները, պարում էինք, խաղերի ժամանակ երկրպագում մեր ընկերներին։ Հայերը, աշխարհի որ ծայրում էլ որ հանդիպեն, միանգամից լեզու են գտնում իրար հետ»,– ժպիտով ասում է գեղեցկուհին։

Նման դեպքերում Քրիստինան միշտ հիշում է ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի խոսքերը. «...Եթե նրանցից (հայերից – խմբ.) երկուսը հանդիպեն աշխարհում, անպայման նոր Հայաստան կստեղծեն»։

Հայ գեղեցկուհիները և «Արա գեղեցիկ»-ները`միջազգային բեմերում. ով որ մրցույթին է մասնակցելու

Քրիստինան անհամբեր սպասում է, թե երբ է հաջորդ անգամ պատմական հայրենիք այցելելու։  Նա Հայաստանն իր տունն է համարում, իսկ բոլոր հայերին` իր ընտանիքի անդամները։