««Սև թուղթ» ես բերե՞լ». փոստատար Ալֆրեդ պապը՝ իր աշխատանքի զավեշտալի դեպքերի մասին

Տարիներ անց մի շարք մասնագիտություններ, այդ թվում նաև փոստատարինը, պատմության գիրկը կանցնեն։ Թղթի վրա գրված նամակները մեր դարում զգալիորեն պակասել են։ Sputnik Արմենիան իր ընթերցողին է ներկայացնում մի փոստատարի կյանքի պատմությունն ու առօրյան։
Sputnik

Աստղիկ Սուքիասյան, Sputnik Արմենիա

70–ամյա Ալֆրեդ պապիկին հաճախ կարելի է տեսնել Երևանի փողոցներում։ Արտաքինից սովետական մուլտֆիլմի հերոս «պոչտալիոն Պեչկինին» հիշեցնող Ալֆրեդ Ավետիսյանը 2017 թվականի նոյեմբերի 3–ից աշխատում է որպես փոստատար։

««Սև թուղթ» ես բերե՞լ». փոստատար Ալֆրեդ պապը՝ իր աշխատանքի զավեշտալի դեպքերի մասին

Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետն ավարտած մասնագետը, որը տարիներ շարունակ ծրագրավորող, գիտաշխատող է եղել, թոշակի անցնելուց հետո չի կարողացել հարմարվել նստակյաց կյանքին։ Դե, գործատուներն էլ տարիքը հաշվի առնելով՝ հրաժարվել են նրան աշխատանքի ընդունել։

2017 թվականին, 37-ամյա որդու կորստից հետո արդեն, նա անկարող է եղել տանը մնալ։

«Մտածում էի՝ ինչ գործ էլ պատահի՝ կանեմ, միայն թե տանը չնստեմ։ Կատարվածից հետո պետք էր մի բանով զբաղվել...»,–հոգոց հանելով ու ձեռքերն ամուր իրար սեղմելով՝ պատմում է նա։

Հայացքից հասկանում եմ, որ հարցեր տալ պետք չէ. թեման առավել քան ցավոտ է։ Իսկ ահա թոռնիկի մասին փոստատարն աչքերի փայլով է պատմում։ Ասում է՝ ուժերի ներածին չափով անելու է ամեն ինչ, որ նա ոչնչի կարիք չունենա։

Թոշակառու պապիկն ամենագնաց է հավաքել հին «Օկայից». տեսանյութ

Ե՞րբ կշահագործվի Երևանի կրկեսի նոր շենքը. շինարարները վստահ են` սպասելու համար չենք ափսոսա

Ալֆրեդ Ավետիսյանը «Հայփոստում» է աշխատում։ Գործի են ընդունել միանգամից, հաշված օրերի ընթացքում։ Աշխատանքը սկսվում է ժամը 07.45–ին, ավարտվում երբեմն 16.00–ին, երբեմն էլ՝ 19.00–ին: Նամակների քանակից է կախված։

«Շատ լավ կոլեկտիվ ունեմ, և աշխատանքում դժվարությունները փոխհատուցվում է նրանց միջոցով»,–ժպտալով ասում է փոստատարը՝ նշելով, որ այն, ինչ անում է, իր երազած աշխատանքը չէ, բայց տանը նստելուց լավ է։

Համոզված է՝ լավ կամ վատ աշխատանք գոյություն չունի. կան պարտականություններ, որոնք պետք է կատարել։

Աշխատանքային օրվա 90 տոկոսը նա քայլում է։ Օրական միջինը 300-350 նամակ է հասցնում հասցեատերերին։ Հասկացել է՝ անգամ նամակ հանձնելը հեշտ գործ չէ։

Թոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

«Ինչ տեսակի մարդ ասես, որ չի պատահում։ Աշխատում եմ շատ զուսպ հանձնել նամակը, առանց ավելորդությունների, որովհետև չգիտեմ, թե դիմացինս ով է, ինչ հոգեվիճակում է»,–ասում է փոստատարը՝ հավելելով՝ մեր ժողովրդի 95 տոկոսը լավ մարդիկ են, բայց կենցաղը նրանց ստիպում է, որ նյարդային լինեն, քիչ շփվեն։

Զվարճալի կամ տհաճ դեպքեր հիշել չի ստացվում։ Փորձում է ոչ մի դեպք սրտին մոտ չնդունել։

«Ամենազավեշտալին, թերևս, Ճանապարհային ոստիկանությունից ստացված տուգանքներն են։ Մարդիկ հենց ինձ տեսնում են՝ ասում են՝ հըն, Ալֆրեդ պապի, հո «սև թուղթ» չե՞ս բերել»,–ծիծաղով պատմում է փոստատարը։

Ասում է՝ պատահում է, որ «սև թղթի» համար իր վրա են փնթփնթում: Հիշեցնում է՝ ինքը ո՛չ մեքենա վարողն է, ո՛չ տուգանողը, ընդամենը փոստատար է։

Երևանն աշխարհի լավագույն 10–յակում է, բայց պետությունը կապ չունի. ՏՏ ոլորտի խնդիրները

Կան նաև նամակներին անհամբերությամբ սպասող մարդիկ։ Դրանք հիմնականում տարեցներն են, որոնք համացանցից ու ժամանակակից տեխնիկայից հեռու են։

Ալֆրեդ Ավետիսյանը վստահ է՝ փոստատարի մասնագիտությունը չի մեռնի, քանի դեռ կան այնպիսիք, որոնք նախընտրում են իրար նամակ գրել, ոչ թե sms հաղորդագրություն։

Համոզված է, որ մի օր մարդիկ կհիասթափվեն ռոբոտացված իրականությունից ու կրկին կնախընտրեն առերես շփումը, իսկ հեռավորությունը կհաղթահարեն ձեռագիր նամակներով, որոնք, նրա խորին համոզմամբ, միանշանակ ավելի անվտանգ ու հուսալի են, քան ցանկացած էլեկտրոնային հաղորդակցության միջոց։

Հարսնացուն հյուսիսից, կամ ինչպես էր ռուս հարսը խառնել սկեսրոջ դոշակն ու թոշակը