ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. Կորոնավիրուսի բռնկման աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը իրավիճակին համահունչ որոշումներ է կայացնում։ Այս մասին facebook-ում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց`որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան»,– գրել է նա։
Առողջապահության նախարարը նաև հայտնում է, որ Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է իրանցի գործընկերների հետ` վարակի տարածումը կանխարգելելուն ուղղված սինխրոն քայլեր մշակելու նպատակով։
«Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի արհեստական լարման և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի»,– գրում է Թորոսյանը` ամենայն հավանականությամբ ակնարկելով մամուլում ու սոցցանցերում հնչող տեսակետները, թե Հայաստանը պետք է փակի Իրանի հետ սահմանը` վիրուսի ներթափանցումը մեր երկիր թույլ չտալու համար։
«Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։ Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»,– գրում է նախարարը։
Կորոնավիրուսը կարող է կրկնվել, իսկ Իրանում վարակի ևս 10 դեպք է գրանցվել
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ` հետևելու սահմանին ուժեղացված ռեժիմով վերահսկողական աշխատանքների ընթացքին։
Տեսչական մարմնի տվյալներով, Մեղրիի հսկիչ կետում որևէ մեկի մոտ բարձր ջերմություն և վարակիչ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններ չեն արձանագրվել։
Հիշեցնենք` Փետրվարի 19–ին Իրանի իշխանությունը հաստատեց երկրում կորոնավիրուսի վարակի երկու դեպքի մասին տեղեկությունը։ Այսօրվա դրությամբ արդեն Իրանում կորոնավիրուսը 5 մարդու կյանք է խլել։
ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 20–ին հայտարարել էր, որ ուժեղացվել են Իրանի հետ սահմանի Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից օդանավով Հայաստան ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:
ՀՀ–ում մինչ օրս կորոնավիրուսով վարակի դեպք չի գրանցվել:
Իրանում բնակվող հայաստանցիներին հորդորում են դիմել դեսպանատուն