Ինչպես է Շիրակի մարզը պատրաստվում հանրաքվեին. «այո» և «ոչ» ասողները խնդիրների չեն բախվի

Թեև սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել, բայց հանրաքվեի կազմակերպման հարցերն արդեն լուծվում են: Մարզպետարանի համապատասխան կառույցները ստացել են հանձնարարականները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Շիրակի մարզում հանրաքվեի կազմակերպման հետ կապված խնդիրներ չկան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնարարականը կատարված, ներկայացված է ԿԸՀ: Շիրակի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ մարզում կձևավորվի 220 ընտրական տեղամաս, որոնք հանրաքվեի օրը ամբողջովին պատրաստ կլինեն ընդունել «այո» կամ «ոչ» ասողներին:

«Բոլոր համայնքների հետ մենք աշխատել ենք, կազմել ենք տեղամասերի ցուցակներն ու ուղարկել Կենտրոնական և Տարածքային ընտրական հանձնաժողովներ: Մնում է միայն, որ հանրաքվեից մեկ օր առաջ տեղամասային կենտրոնները կահավորվեն: Հանրաքվեի օրը բոլոր տեղամասերը պատրաստ կլինեն»,- վստահեցրեց նա։

Արդեն հստակեցվել է նաև քարոզարշավի համար նախատեսված դահլիճների և պաստառների համար հատկացված տարածքների ցանկը: Ըստ վերջին տվյալների` մարզում կա 229,400 ընտրող:

«Հանրաքվեն մեր քաղաքական ուժի քմահաճույքի համար չենք կազմակերպել». Փամբուխչյան

Պատասխանատուն դժվարացավ հանրաքվեի մասնակցության ակտիվության մասին կանխատեսումներ անել:

«Քարոզարշավը նոր է սկսվել, բնակչության շրջանում ակտիվություն դեռ չկա։ Որքան հանրաքվեի օրը մոտենա, հավանաբար այդքան կփոխվի պատկերը»,– ասաց նա:

Հավելենք, որ մինչ հանրաքվեն, Շիրակի մազի 3 համայնքում՝ Տուֆաշեն, Գեղանիստ, Նահապետավան մարտի 15-ին ընտրություններ են: Քաղաքացիները կընտրեն համայնքների ղեկավարներին:

Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։

Ի՞նչ կարելի էր անել հանրաքվեին հատկացված 7 մլն դոլարով

Հայաստանի իշխանությունը հանրաքվեի համար դրամահավաք կանցկացնի

Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։

Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։

Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացնի 3 մլրդ 447 մլն դրամ։