Հայաստանի ԱԳՆ–ն կորոնավիրուսի հետ կապված նոր հայտարարություն է տարածել

Գերատեսչությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ Իրանում գտնվող քաղաքացիներին՝ կապ հաստատել դեսպանության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը հայտնում է, որ Հայաստանն ուշիուշով հետևում է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում:

«Մեր տարածաշրջանում իրադրության համալիր գնահատման առումով սերտորեն համագործակցում ենք Իրանի և Վրաստանի մեր գործընկերների հետ՝ տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև անհրաժեշտ քայլերի և հնարավոր սցենարների դիտարկման ուղղությամբ: Ձեռնարկվող քայլերի մասին կտեղեկացնենք հավելյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ հորդորում է ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ։

Հիշեցնենք`2019 թվականին դեկտեմբերին Չինաստանի իշխանությունը հայտարարեց Ուհան քաղաքում անհայտ ծագման վարակի տարածման մասին։ Պարզվեց` հիվանդության հարուցիչը նոր տեսակի կորոնավիրուսն է։

Մեղրիի անցակետում հսկողությունը կուժեղացվի. Իրանում կորոնավիրուսով վարակվածները 5-ն են

Ենթադրվում է, որ վարակը մարդկանց է փոխանցվել վայրի կենդանիներից։  Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

Արսեն Թորոսյանն անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին

2020 թ.–ի փետրվարի 21–ի դրությամբ Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2236-ի։ Վարակվածության հաստատված դեպքերն անցել են 75,4 հազարի ցուցանիշը։

Կորոնավիրուսն առարկաների վրա կարող է ապրել ավելի երկար, քան ենթադրվում էր․ հետազոտություն

Մահաբեր վիրուսն արդեն դուրս է եկել Չինաստանի սահմաններից ու անգամ Հայաստանին սահմանակից Իրան հասել։ Փետրվարի 19–ին Իրանի իշխանությունը հաստատեց երկրում կորոնավիրուսի վարակի երկու դեպքի մասին տեղեկությունը։ Այսօրվա դրությամբ արդեն Իրանում կորոնավիրուսը 5 մարդու կյանք է խլել։ ՀՀ առողջապահության նախարարությունը փետրվարի 20–ին հայտարարել էր, որ ուժեղացվել են Իրանի հետ սահմանի Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից օդանավով Հայաստան ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

ՀՀ–ում մինչ օրս կորոնավիրուսով վարակի դեպք չի գրանցվել: