Բանակում մահվան դեպքերից հետո Արման Թաթոյանն արցախյան զորամասեր է այցելել. լուսանկարներ

Մարդու իրավունքների պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի – Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Արցախ կատարած այցի շրջանակում այցելել է զորամասեր և լուսանկարներ հրապարակել Facebook սոցիալական ցանցում։

«Երեկ այցելեցինք զորամասեր. առանձնազրույցներ զինվորների հետ, մանրամասն քննարկումներ զինծառայողների և սպայական կազմերի հետ, բուժծառայությունների ու կարգապահական վարույթների, բարոյահոգեբանական հարցերի ուսումնասիրություններ», –լուսանկարներին կից գրել է նա։

Թաթոյանն իր աշխատանքային այցի մասին հայտնել էր փետրվարի 20-ին` նշելով, որ բացի զինվորներից ու սպաների հետ առանձնազրույցներից, նախատեսված են նաև պաշտոնական խորհրդակցություններ, այդ թվում՝ հանդիպումներ Արցախի նախագահ Բակո Սահակյանի, գործընկերոջ՝ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի, Պաշտպանության բանակի հրամանատարության հետ:

Հայկական բանակում մահվան դեպքերը հնարավոր է կանխել. ինչի՞ց է պետք սկսել

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Բանակում մահվան դեպքերի պատճառը փո՞ղն է. Փաշինյանը վարկած ունի