Ահա թե որտեղ է Հակոբ Արշակյանը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի արցախյան այցը սոցցանցերում կատակների առիթ է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի — Sputnik. «Որտե՞ղ է Հակոբ Արշակյանը» հարցի պատասխանն այսօր տվել է ինքը` Արշակյանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Facebook-ում հայտնել է, որ իր գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում է, որտեղ մասնակցել է «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:

«Հայկական վիրտուալ կամուրջը» հայթեքի միջազգային կենտրոն կդարձնի Հայաստանը. Արշակյան

Նախարարը, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով, որի տեսագրությունը ևս արդեն հրապարակվել է նրա պաշտոնական էջում։

Բայց Արշակյանի այցը մեծ իրարանցում է առաջացրել ոչ այնքան հեղինակավոր միջոցառմանը մասնակցելու, որքան այն պատճառով, որ նա Աբու Դաբի է մեկնել Արցախ կատարած այցից հետո։

Իսկ արցախյան այցը մինչ այդ արդեն հասցրել էր ֆեյսբուքյան կատակների ալիքի առիթ դառնալ։

Բանն այն է, որ արցախյան այցի մասին ևս Արշակյանն ըստ սովորության հայտնել էր Facebook-ում։ Նախարարի այս գրառումն արագ տարածվել էր սոցցանցերում ու լրատվական դաշտում։ Լրատվամիջոցներն ու օգտատերերը շուրջ 2 օր թմբկահարում էին` «Հակոբ Արշակյանն Արցախում է»։

Հայաստանը «Բայկոնուր» չի ունենա, բայց տիեզերանավեր կարտադրի ու տիեզերք կուղարկի

Անգամ թիմակից ըներներն անմասն չէին մնացել ֆեյսբուքյան կատակներից։ «Ժող, ո՞վ է տեղյակ, ո՞ւր է Հակոբ Արշակյանը»,– գրել էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` գրառմանը կից հրապարակելով օգտատերերի գրառումներն այն մասին, որ նա Արցախում է։

Կատակին միացել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ 

Ընկերների կատակների մարտահրավերն ընդունել էր նաև Հակոբ Արշակյանը։

Փետրվարի 20-ին Արշակյանը Facebook-ում գրել էր՝ «Դարձավ համաշխարհային հարց...», ու տեղադրել մեմ, ըստ որի, անգամ ԱՄՆ նախագահ Թրամփն է հայտնել, որ նա Արցախում է։

Ավելի ուշ Արշակյանը մեկ այլ գրառում արեց. «Ժողովուրդ ջան, եթե ինչ՝ Աբու Դաբի եմ գնում, կգրեմ»: Քարտեզի վրա էլ նշել էր իր այցի երթուղին` Ստեփանակերտից մինչև Աբու–Դաբի։

Բայց Արշակյանի՝ Աբու Դաբի մեկնելու լուրը սկզբում որպես կատակ ընկալվեց։

Օգտատերերից մեկն անգամ մեկնաբանություն էր գրել. «Էդ կապ չունի. մեկ է` Հակոբ Արշակյանն Արցախում է»։ Մեկ ուրիշն էլ սենսացիայի նոր ալիք էր կանխատեսել` գրելով. «Ձեր գրառումը տեղ գտավ ամբողջ ֆբ-ում»։

Այս թեմայով մի քանի օր տևած կատակների ավարտն ազդարարեց Արշակյանի հրապարակումը` ԱՄԷ–ի համաժողովից հայաստանյան պատվիրակության լուսանկարով։ 

Հայաստանի ռազմական մշակումների բյուջեն 2020թ–ին կկրկնապատկվի. նախարար