ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, որոնք կապված են Հայաստանում տեղի ունեցած գործընթացների հետ: Փաշինյանն իր այս կարծիքը հայտնեց Հանրային հեռուստաընկերության եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը սահմանադրական փոփոխությունների փաստաթուղթը չի ուղարկում Վենետիկի հանձնաժողով:
«Գերմանիա կատարած այցիս ընթացքում հանրաքվեի ու ՍԴ վերաբերյալ քննարկումներ եմ ունեցել բազմաթիվ գործընկերների հետ: Նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում նման պրոցեսներ են տեղի ունեցել: Եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ողջ պրոցեսը, որի դեպքում իրավունքի չարաշահման հետ գործ ունենք, տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ուշադրության ներքո: Կարծում եմ՝ Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի, այդ թվում` եվրոպացի մեր գործընկերներին»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց՝ Սահմանադրության մեջ փոփոխություն անելը շատ կարևոր է, քանի որ գործող իշխանությունը բոլորովին նոր կառավարման համակարգ է ներդրել, որը մեխանիզմ է՝ մեկ ամբողջություն: Իսկ այդ մեխանիզմի բոլոր դետալները պետք է համապատասխանեն այն պարամետրերին, որը նկարագրված է Սահմանադրության մեջ։
Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։
Հայաստանի իշխանությունը հանրաքվեի համար դրամահավաք կանցկացնի
Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։
Քարոզարշավ կա, քարոզչություն չկա. «Այո»–ն փող չունի, «Ոչ»–ը` քարոզիչ
Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացնի 3 մլրդ 447 մլն դրամ։