Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Փոքր ժամանակ բոլոր երեխաների պես ուրախանում էի, երբ հեռուստացույցով մուլտֆիլմ էր սկսվում։ Բայց էլ ավելի հաճելի էր, երբ տիտրերում հայտնվում էր Լև Ատամանովի ու Միխայիլ Դրույանի անունը։ Քրոջս հետ հարմար տեղավորվում ու ինչ–որ լավ բանի էինք սպասում։
Ատամանովի ու Դրույանի «դուետն» արդեն իսկ լավ ֆիլմի չափանիշ էր դարձել, թեև մենք այն ժամանակ չէինք էլ պատկերացնում` ինչ դերակատարություն ունեն այդ մարդիկ մուլտֆիլմերի ստեղծման գործում։ Միայն մեծ տարիքում հասկացանք` ինչ կարևոր մարդիկ էին նրանք խորհրդային անիմացիայում։
Դավիթ Սահակյանց. նոր մուլտֆիլմերից շատերը համատարած բթացնում են
Տաղանդավոր օպերատոր Միխայիլ Դրույանի մասին մեկ ուրիշ անգամ կխոսենք։ Այս անգամ պատմենք տաղանդավոր մուլտիպլիկատոր Լև Ատամանովի կամ Լևոն Ատամանյանի մասին, որը ծնվել է 115 տարի առաջ այս օրը։
Նա խորհրդային մուլտիպլիկացիայի ու հայկական անիմացիոն կինոյի հիմնադիրներից էր։ Գործընկերներն ասում են, որ նա այդ ոլորտի ամենալուսավոր ու ժպտադեմ գործիչներից էր։
Կինոգետ Սերգեյ Գալուստյանն իր «Ատամանով. կյանքը և ստեղծագործությունը» մենախոսության մեջ գրել էր.
«Նրա դեմքն ասես ստեղծված լինի անփոփոխ ժպիտի ու բարեհաճության համար ոչ միայն զրուցակցի, այլև ամբողջ շրջապատի հանդեպ»։
Ռեժիսորը Մոսկվայի մտավորական հայերի ընտանիքից էր։ Ծնողները ծնունդով Նոր Նախիջևանից էին։
Հատկանշական է, որ սկզբում նա ընդունվել էր Ժողովրդական տնտեսության ինստիտուտ։ Սակայն շուտով ճակատագրի բերումով հանդիպեց Պետական կինոդպրոցի ուսանողների հետ, որոնք Լև Կուլեշովի աշակերտներն էին։ Ատամանովը տարվեց կինեմատոգրաֆիայով, թողեց իր ինստիտուտն ու ընդունվեց Կուկեշովի արվեստանոց, որն ավարտեց 1326 թվականին։
Տասը տարի անց, արդեն «Սոյուզմուլտֆիլմի» հիմնադրումից հետո, ռեժիսորը Հայաստան տեղափոխվեց։ Այստեղ էնտուզիաստների փոքր թիմի հետ նրան հաջողվեց ստեղծել մուլտիպլիկացիոն արվեստանոց, որտեղ Հովհաննես Թումանյանի հեքիաթի հիման վրա ստեղծվեց հայկական առաջին մուլտֆիլմը` «Շունն ու կատուն»։ Հաջորդը «Քահանան և այծն» էր։
Երևանում սկսեցին աշխատել նաև «Կախարդական գորգ» մուլտֆիլմի վրա։ Սակայն աշխատանքը հաջողվեց ավարտել միայն 1948 թվականին, Մեծ հայրենականից հետո։ Մուլտիպլիկատորը կամավոր մեկնել էր սակրավորների զորամասում ծառայելու։ «Կախարդական գորգը» Լև Ատամանովի առաջին գունավոր աշխատանքն էր։
Պատերազմից հետո, արդեն Մոսկվայում, հայտնվեցին այնպիսի գլուխգործոցներ, ինչպիսիք էին «Դեղին արագիլը», «Ալվան ծաղիկը», «Ոսկե այծքաղը», «Սառցե թագուհին», որոնք բազում պարգևների արժանացան ոչ միայն հայրենիքում, այլև Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Հնդկաստանում և մի շարք այլ երկրներում։ Այդ ֆիլմերի շնորհիվ Ատամանովը համաշխարհային հռչակ ձեռք բերեց։
Միլիարդատեր սերիալ. «Մաշան ու արջը» մուլտֆիլմը Գինեսի ռեկորդի գրքում է հայտնվել
Հայ հանդիսատեսի համար առավել հետաքրքրական էր վարպետի «ավանդույթը», որի համաձայն նա հայկական խորհրդանիշներ էր «թաքցնում» իր ստեղծագործություններում։ Եթե ուշադիր նայեք, օրինակ` «Ոսկե այծքաղում» Ռաջայի լուսամուտից կարելի է Արարատը տեսնել, իսկ «Սառցե թագուհու» մեջ հայկական եկեղեցի է երևում։
Մի փոքր ավելի մանրամասն խոսենք «Սառցե թագուհու» մասին։ Բանն այն է, որ Կինոէքսպերտ կայքի վարկածով` այն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում խորհրդային մուլտֆիլմերի շարքում։ 1958 թվականին, լույս տեսնելուց մեկ տարի անց, այն Կաննի փառատոնի մրցանակ է ստացել «Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ» անվանակարգում։ «Սառցե թագուհին» թարգմանված է բազում լեզուներով, իսկ ֆրանսիական տարբերակում թագուհու տեքստը կարդացել է լեգենդար Կատրին Դենևը։
Իսկ հիշո՞ւմ եք «Գայանե» բալետից այն հատվածը, որտեղ Արամ Խաչատուրյանը ներդաշնակորեն մտցրել էր «Ուզունդարան»` հարսի ավանդական հայկական պարը։ Հենց այդ ստեղծագործությունն էլ օգտագործել է Ատամանովը «Շունն ու կատուն» մուլտֆիլմում. «Ուզունդարայի» ներքո մուլտֆիլմում նազանքով քայլում է այծը` հասարակության բարձր խավի ներկայացուցիչը։ Եվ այստեղ արդեն վիճելու բան չկա։
Սակայն սա դեռ ամենը չէ. աշխարհահռչակ ճապոնացի գրող, ռեժիսոր–մուլտիպլիկատոր Խայակո Միաձակին հարցազրույցներից մեկում ասել է, որ «Սառցե թագուհին» իր համար գեղարվեստական բացահայտում էր ու որոշիչ դերակատարություն է ունեցել մասնագիտության ընտրության հարցում։
Սերգեյ Գալուստյանը ճիշտ է նկատել, որ Ատամանովն արվեստում չափազանց պահանջկոտ էր։ Սակայն նրա գործընկերները պատմում են, որ դրանով հանդերձ, նա կարող էր իրեն այնպիսի բաներ թույլ տալ, որոնք ավելի շատ հատկանշական են անհոգ պատանուն, քան խորհրդային անիմացիայի վարպետին։
Մուլտֆիլմը` սթրես ողջ կյանքի համար
Հանրահայտ պատմություն կա այն մասին` ինչպես է ռեժիսորն ամերիկացի գործընկերներին զարմացրել աստիճաններից իջնելու իր սովորությամբ։ «Սյուզմուլտֆիլմ» եկած ամերիկացի մուլտիպլիկատորներն ականատես են եղել` ինչպես է ոչ այնքան երիտասարդ (այն ժամանակ 60 տարեկան էր), բայց բավականին լուրջ մի տղամարդ թռվռալով իջնում աստիճաններով։ Նրանք չափազանց զարմացել են` իմանալով, որ դա հենց այն մարդն է, որի մոտ եկել էին, այն մարդը, որն օվկիանոսի մյուս կողմում մրցակցում էր իրենց հետ։
«Բոլորը ձգտում էին Ատամանովի մոտ։ Նա երջանկություն էր տարածում։ Նա կյանքին կապող օղակ էր ոչ միայն ստեղծագործական թիմում, այլև ընդհանրապես ստուդիայում։ Լև Ատամանովի ստեղծագործական կյանքը կարելի է բնութագրել մեկ բանաձևով` ձգտում դեպի բարին», – գրել է անիմացիոն կինոյի աշխարհահռչակ վարպետ Յուրի Նորշտեյնը Գալուստյանի մենախոսության նախաբանում։
Նորշտեյնը նշել է նաև, որ Ատամանովը հրաշագործի պես գտնում ու իր ֆիլմերում ներկայացնում էր հայկական ու ռուսական դասական արվեստը։
Սակայն 1965 թվականին, «Հովվուհիները և ծխնելույզ մաքրողը» մուլտֆիլմից հետո մուլտիպլիկատորը հեռանում է հեքիաթների սովորական ժանրից։
«Ես չեմ դադարել սիրել դրանք, պարզապես ուզեցի ինչ–որ նոր բան փորձել»,–բացատրել է նա իր որոշումը։
Դրանից հետո ստեղծվեցին մեծահասակների համար հիանալի կարճամետրաժ ֆիլմերը` «Նստարան», «Պարուհին նավի վրա», «Ծաղկեփունջ», «Հեծանիվ»։ Սակայն վարպետը վերադարձավ մանուկներին։ 1976 թվականին Ատամանովի արվեստի երկրպագուները ծանոթացան Հաֆ անունով փիսիկի հետ։ Հինգերորդ սերիան արդեն ավարտեց ռեժիսոր–մուլտիպլիկատոր Լեոնիդ Շվարցմանը` նվիրելով այն գործընկերոջ ու պարզապես ընկերոջ հիշատակին։
Զարմանալի է, բայց փորձագետների կարծիքով, մինչ այժմ չկա այնպիսի ռեժիսոր, որը կկարողանար սերը, նվիրվածությունն ու ընկերությունը վարպետորեն փոխանցելու հարցում մրցել Ատամանովի հետ։