«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան

2019 թվականի 10 լավագույն մարզիկներին պարգևատրելիս Հայաստանի վարչապետն ընդգծեց սպորտի կարևոր դերը պետության և հանրության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Ծանրամարտիկներ Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը, Հակոբ Մկրտչյանը, հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանը և Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբշամարտիկ Արսեն Հարությունյանը, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը, մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանն այսօր` փետրվարի 21-ին, ՀՀ նախագահի նստավայրում ստացան իրենց պարգևատրները` 2019 թվականի լավագույն մարզիկի պատվոգիր և դրամական պարգև։

Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը լրագրողների հետ զրույցում անկեղծացավ`դեռ չի որոշել` ինչպես է ծախսելու ստացած դրամական պարգևը։

«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան

«Դեռ չեմ հասցրել այդ մասին մտածել։ Դեռ տարված ենք այս միջոցառմամբ։ Շատ ուրախ ենք, որ պետությունը նկատում ու գնահատում է մեր արդյունքները», – նշեց մարզիկը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ կարծում է, որ սպորտը ոչ միայն առողջ է պահում մարդուն, այլև շտկում է նրա արժեհամակարգը։

«Ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում». Արսեն Ջուլֆալակյանը վրդովված է

«Մարմնով ուժեղ մարդիկ հոգով էլ են ուժեղ` ներողամիտ են, մեծահոգի, ամուր։ Պետությունը նաև այս պատճառով է տարեցտարի ավելի մեծ ուշադրություն հատկացնում սպորտին», –իր խոսքում ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կարևորեց սպորտի միջոցով քաղաքացիների մեջ բարձր արժեքների ներարկումը։

«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան

«Ցավոք, մեր երկրում շատ երիտասարդներ տարված են քրեական մշակույթով։ Ես մեր մարզիկների դերը տեսնում են նաև այդտեղ։ Չեմպիոնները պետք է ճիշտ վարվելակերպի օրինակներ լինեն մեր երիտասարդների համար», – շեշտեց Փաշինյանը։

Նա ժպիտով հավելեց` նախագահական նստավայրում հավաքված բոլորը չեմպիոններ են` մեկը մարզական ոլորտում, մյուսը` քաղաքական։

«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան

«Չեմպիոնն այն մարդն է, որ անում է անհնարը։ Այստեղ մենք ունենք մարդկանց խումբ, որոնք լինի սպորտի, թե քաղաքականության ոլորտում, իրենց առաջ դրել են խնդիրներ ու անհնարինը հնարավոր են դարձրել։ Եվ կարևոր է, որ այդ ամենն արել են ոչ թե իրենց, այլ պետության համար», – մանրամասնեց վարչապետը։

Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի երկրորդ լավագույն ծանրորդն է. ո՞վ է զբաղեցրել առաջին տեղը

Փաշինյանը կրկնեց երեկ կառավարության նիստին իր արտահայտած միտքն այն մասին, որ Հայաստանը մինչև 2050 թվականը 25 օլիմպիական ոսկի է ունենալու։ Հիշեցնենք, որ մինչ օրս Հայաստանն ընդամենը 2 օլիմպիական ոսկի է վաստակել` 1996-ին Ատլանտայի ամառային օլիմպիադայից ոսկե մեդալով Հայաստան է վերադարձել ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը, 20 տարի անց էլ` 2016-ին, Ռիոյի ամառային օլիմպիադայից ոսկի է բերել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը։

Բացի նախորդ տարվա 10 լավագույն մարզիկներից այսօր նախագահական նստավայրում պարգևատրվեցին և վաստակավոր մարզչի կոչում ստացան Երևանից Արշակ Հայրապետյանը և Կարեն Բաղդասարյանը, Գյումրիից Արմեն Մկրտչյանը և Կարեն Կարապետյանը, Արարատից Գառնիկ Ալեքսանյանը։ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն, ըմբշամարտիկ Արմեն Նազարյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։