Արսեն Թորոսյանն անդրադարձել է Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին

Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ կասկածելի բոլոր դեպքերում հսկողություն է իրականացվում նաև Հայաստանի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Հայաստանը հետևում է կորոնավիրուսի բռնկումների դեպքերին և տարածվածությանն ամբողջ աշխարհում, այդ թվում` մեր հարևան Իրանում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Faecbook–ի իր էջում գրել է, որ որպես հավելյալ հակահամաճարակային միջոցառումներ` ուժեղացվել են Մեղրիի սահմանային անցակետով անցնող, ինչպես նաև Իրանից Հայաստան օդանավով ժամանող ուղևորների հսկողությունը: Կասկածելի բոլոր դեպքերում կատարվում է նաև հսկողություն Հայաստանի ամբողջ տարածքում:

«Տեղեկացնում եմ, որ մինչ օրս նոր կորոնավիրուսով վարակվածության դեպք Հայաստանում չի գրանցվել: Կոչ եմ անում հետևել առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին և առաջնորդվել դրանով»,– գրել է նախարարը:

Երևանի հիվանդանոցները գերծանրաբեռնված են. 351 երեխայի տուն են ուղարկել

Թորոսյանը նաև խնդրել է սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել հետևյալ խորհուրդներին.

  • պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով ձեր հաշվառման պոլիկլինիկա, խուսափե´ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից, եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, հատկապես գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ, մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,
  • հագնվեք եղանակին համահունչ, պահպանե´ք հազալու և փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
  • հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
  • հետևե՛ք անձնական հիգիենային։

Այսօր հայտնի դարձավ, որ Իրանում կորոնավիրուսի 13 նոր դեպք է արձանագրվել, այսինքն` վարակվածների ընդհանուր թիվը հասավ 18-ի, որից երկուսը` մահվան ելքով։

Կորոնավիրուսը հասել է Իրան. ինչպես վարակը կանդրադառնա Հայաստանում զբոսաշրջիկների հոսքի վրա