ԱԱԾ–ն պարզել է, որ կեղծ օգտատերերն ահաբեկչության կոչեր են տարածել Facebook-ում

Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել։ Նախաքննական մարմինը միջոցառումներ է ձեռնարկում օգտատերերի կապերի շրջանակը պարզելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը փաստական տվյալներ է ստացել Facebook սոցիալական ցանցում մտացածին կամ իրական անուններով բացված մի շարք անհատական էջերի 3 օգտատեր 2019թ. նոյեմբերից մինչև 2020թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում բաց հարթակում հրապարակայնորեն կատարել են ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ:

Վահագն Վերմիշյանի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի. ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնում

ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նշված օգտատերերը նաև ահաբեկչության հրապարակային կոչեր են հնչեցրել՝ օգտատերերի լայն լսարանի առջև քարոզելով նախկին և ներկայիս քաղաքական ու հասարակական գործիչների, սոցիալական խմբերի հանդեպ բռնությամբ զուգորդված գործողությունների կատարում:

«Հիշյալ արարքներ կատարելիս ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք թույլ են տվել վիրավորական և նշավակող արտահայտություններ հայ ժողովրդի բացարձակ արժեքների՝ հայոց լեզվի և բանակի վերաբերյալ, բռնության կոչերով հանդերձ հրապարակել են ինչպես ՀՀ իշխանության, Արցախի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության 1-ին և 2-րդ նախագահների պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ծաղրանկարներ»,– նշված է ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ։

ԱԱԾ–ն Հայաստանում ֆինանսական բուրգի մասնաճյուղի գործունեություն է բացահայտել

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Նախաքննական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ հիշյալ օգտատերերի կապերի շրջանակը պարզելու, այլ հանցադեպերը բացահայտելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու ուղղությամբ։

Արմեն Սարգսյանն Ադրբեջանի նավթային բիզնեսում «փայ» ունի՞. ԱԱԾ պատասխանը