Լևոն Քոչարյանը կարծում է, որ գործող իշխանությունը սկզբում փորձեց համոզել ՍԴ դատավորներին, որ հրաժարական ներկայացնեն, և դա, ըստ նրա, սկսվեց ինչ–որ պահից, որովհետև սկզբում խնդիր չկար, բայց հետո դատավորների նկատմամբ ճնշումներն ակտիվացան։
«Տեսնելով, որ նրանք չեն համաձայնվում, իրենց ուզածը չեն անում, դիմեցին նման քայլի, որն ինքին աբսուրդ է` հետ գնալ և անցումային դրույթ փոխել, որը սպառված է, այսինքն` արդեն աշխատել է։ Իշխանությունը սկսել է հակաօրինական, հակաիրավական գործընթաց, որի միակ նպատակը ՍԴ–ում սեփական մարդկանց ունենալն է, որպեսզի հետագայում ցանկացած որոշում կարողանան այնտեղ անցկացնել, հետևաբար ոչ մի կերպ չենք մասնակցում այդ գործընթացին»,– ասաց նա։
Քոչարյանի խոսքով` փորձ է արվում իրավաբաններից ձևավորված «Ոչ»–ի նախաձեռնող խմբին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն նման բան իրականում չկա, և «Ոչ»–ի շտաբը ՀՀ երկրորդ նախագահի հետ որևէ կապ չունի։
«Ավելին, եթե նայեք «Ոչ»–ի ցուցակի առաջին տասնյակին, այնտեղ կտեսնեք իրավաբանների, որոնք նախկինում եղել են հենց Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիրների դատապաշտպանները»,– նշեց ՀՀ երկրորդ նախագահի որդին։
Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի համար գտել է շահագրգռելու տարբերակը»
Նրա հավաստմամբ` իրենք որևէ մասնակցություն չունեն այդ ամենին։
Հիշեցնենք` Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել մեկ հարցի` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն` նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։
Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։
Փոփոխություններին դեմ է «Ոչ» նախաձեռնությունը, որին ԿԸՀ–ն գրանցել է փետրվարի 18-ին։ «Ոչ»-ի շտաբը ձևավորվել է իրավաբանների խմբից։ Քաղաքական ուժերը հանրաքվեին չեն մասնակցի։
Հանրաքվեի նախապատրաստման և անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ–ին ու ոստիկանությանը կհատկացնի 3 մլրդ 447 մլն դրամ։
Հայրապետյան. ««Այո»-ի կողմը հակասահմանադրական քայլերով թաքնվում է ժողովրդի կերպարի ներքո»