Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը

Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպումը և նշել, որ այդ հանդիպման ձևաչափը նաև իր՝ հասարակությանը տված խոստումի կատարումն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ փետրվարի 15-ին Մյունխենում կայացած հանդիպումը շրջադարձային է համարում: Նա իր այդ կարծիք հայտնեց Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում:

Փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը, որը բաց ձևաչափով էր` ուղիղ հեռարձակմամբ, և ներկաները հնարավորություն ունեին նրանց հարցեր տալու։

«2018-ի մայիսից ի վեր Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ ՀՀ-ն ապակառուցողական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում: Իսկ Ալիևի հետ մեր երկխոսությունը միջազգային հանրության առջև, ցույց տվեց հակառակը՝ Ադրբեջանն ունի ապակառուցողական, այդ թվում՝ ռասիզմի հասնող մոտեցում այս հարցում»,-ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Ալիևի հետ հանդիպման ձևաչափը նաև իր՝ հասարակությանը տված խոստումի կատարումն էր, թե ՀՀ ժողովրդից որևէ գաղտնիք չի մնալու Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների հարցում:

«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը

Վարչապետը նշեց՝ հանդիպումից հետո ձևավորվում է Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն, որն ինքը պայմանականորեն անվանում է մյունխենյան սկզբունքներ:

«Ասել եմ ու նորից եմ ասում՝ Ղարաբաղն իր անվտանգությունը չի կարող զիջել, նույնիսկ չկա նման անհատ, որը պատրաստ է իր անվտանգությունը զիջել»,-ասաց նա:

Հարցին, թե Փաշինյանի դիրքորոշումը նույնը չէ՞, ինչ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր ասում, թե՞ ՀՀ-ն պատրաստ է տարածքներ զիջել, եթե Ադրբեջանը ճանաչի Ղարաբաղի ստատուս քվոն, Փաշինյանը պատասխանեց, որ իրենք երբեք չեն ասել ու չեն ասի՝ պատրաստ են տարածք զիջել։

«Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ չկա տարածքի հարց, կա անվտանգության հարց, որի շուրջ էլ պատրաստ ենք բանակցել»,- ասաց նա:

Հիշեցնենք` Ալիևի հանդիպումից հետո Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջում հինգ միտք էր առանձնացրել, որոնք հնչել էին հանդիպման ժամանակ. 1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:

Փաշինյանի ու Ալիևի «մենամարտի» դրական և բացասական կողմերը