Նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ քրգործ է հարուցվել

Քրեական գործը հարուցվել է մարդու անձնական կյանքին առնչվող տեղեկությունները տարածելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik.Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածության մասին հոդվածների առնչությամբ։

«Քրեական գործը հարուցվել է hraparak.am–ում և lragir.am–ում Պապիկյանի մասին գրված հոդվածների առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա »,–նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Քրգործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով` պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ մարդու անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այլ անձի կողմից այդ տեղեկությունն ապօրինի տարածելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Սուրեն Պապիկյանը պարզաբանել է իր դատվածության մասին լուրերը. տեսանյութ

Փետրվարի 13-ին hraparak.am կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը», իսկ փետրվարի 14-ին lragir.am կայքում հրապարակվել էր «Սուրեն Պապիկյանն ակնարկել է, թե ով է իր մասին գաղտնի տեղեկության արտահոսք կազմակերպել» վերնագրերով հոդվածները։

Հիշեցնենք` Պապիկյանը պարզաբանել էր, որ ՀՀ օրենսդրությամբ, եթե որևէ դատվածություն մարված է, այդ անձը դատված չի համարվում։ Նա ասել էր` ծառայել է ոչ հայկական բանակում, որտեղ էլ եղել է մի միջադեպ, որն իր այն ժամանակվա ընկալմամբ վնասել է ազգային ինքնասիրությունը։

«Իմ մասնակցությունը ոչ կանոնադրային հարաբերությունների մասնակցություն է, ես որևէ մեղք չեմ ընդունել։ Համաներմամբ ազատ եմ արձակվել, նաև դրանով համարվել է մարված իմ դատվածությունը։ Որևէ մեկի նկատմամբ ուժ չեմ գործադրել, որևէ մեկի նկատմամբ զենք չեմ կիրառել»,–ասել էր նա։

2019–ի քրեական քրոնիկոնը. Սերժ Սարգսյանի դեմ քրգործից մինչև Հրայր Թովմասյան

Նախարարը նաև կոչ էր արել ԱԱԾ տնօրենին, Ոստիկանության պետին պարզել, թե իր անձնական տեղեկությունն ինչպես է դարձել հասարակության և տարբեր լրատվականների սեփականությունը։

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի ու նրա կնոջ վերաբերյալ քրգործը կարճվել է