«Յուրի Դավթյանի երախտիքը անփոխարինելի է և այդպիսին կմնա բոլոր ժամանակներում». Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ցավակցել է մեծ վարպետի հարազատներին և երկրպագուներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի — Sputnik. ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Facebook-ի իր էջում ցավակցական գրառում է կատարել։

«Մեր ուսուցիչ և ավագ բարեկամ Յուրի Դավթյանը մեզնից հեռացավ՝ հայկական երաժշտական արվեստի հորիզոններում հավերժ պահելու այն լույսը, որը վառել է իր բազմամյա ավանդով ու դիրիժորական արվեստի զարգացմանը մատուցած անգնահատելի ծառայությամբ: Նա ոչ միայն հայկական դիրիժորական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն էր, այլև իր գործունեության ամենաբարձր նպատակը տեսնում էր իր ժառանգած վարպետությունը նոր ասպարեզներ շոշափող երաժիշտներին ավանդելու մեջ։ Յուրի Դավթյանի երախտիքը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ինձ համար անփոխարինելի արժեք է եղել մեր ստեղծագործական ինքնության ձևավորման ճանապարհին և այդպիսին կմնա բոլոր ժամանակներում: Մեր ստեղծագործական խումբն այսօր վշտակցում է մեծ վարպետի հարազատներին և երկրպագուներին՝ լավագույն հուշերով մեծարելով նրա հիշատակը»,– գրել է Սմբատյանը:

Մահացել է Երվանդ Մանարյանը

Նշենք, որ չնայած պատկառելի տարիքին, հայտնի դիրիժորը մինչև օրս աշխատում էր Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նա գլխավոր դիրիժորն էր։

Յուրի Դավթյանը ծնվել է 1929 թ. հունիսի 10-ին: 1938-ին ընդունվել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասարան։ Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային դիրիժորության և թեորիայի բաժիններում։

«Երվանդ Մանարյանը փայլուն ժողովրդական արտիստ էր». Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել

Դավթյանը եղել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, 1964-1966 թվականներին՝ Սարատովի օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ 1969 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։

Ղեկավարել է Մոսկվայի Մեծ, Մարիինյան թատրոնների և այլ նվագախմբեր։