Գագիկ Գինոսյանի կարծիքով`ողջունելի է ցանկացած երևույթ, որն անմիջական կապ ունի ազգային մշակույթի, առավել ևս ռազմապարերի հետ։ Ըստ այդմ` ՊՆ–ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում ռազմապարն ընդգրկված է նաև ՀՀ ռազմական ինստիտուտում դասավանդվող առարկաների ցանկում։ Այն հետագայում կներմուծվի նաև բանակային զորամասերում։
«1915թ.–ին այնտեղ, որտեղ պահպանվել էր ռազմապարի մշակույթը, ցեղասպանություն չեղավ, որովհետև մարտնչելու ոգին տակավին մնացել էր։ Ռազմապարը պատահական չի ստեղծվել և միշտ եղել է անպարտելիության ոգու խորհրդանիշը։ Ամեն մեկն այդ պարի մեջ նետվելով իրեն զգում է անպարտելի»,– նշում է մշակույթի վաստակավոր գործիչը։
Գագիկ Գինոսյանի փոխանցմամբ` յարխուշտան մեծապես օգնել է նաև Արցախյան հերոսամարտի մասնակիցներին, որովհետև հրաբորբ իրադարձությունների ժամանակ ռազմապարն ուղղակի անփոխարինելի մշակույթ է։
Նշենք, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ որոշվել է ամեն տարի հունիսի 13–ին ավանդաբար անցկացնել հիշյալ պարի փառատոն։ Այն տեղի կունենա Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում, որն առավելապես բնակեցված է սասունցիներով։