Յարխուշտա ենք պարելու. Փաշինյանն ասաց` երբ և որտեղ. տեսանյութ

Լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը և արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման և զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը և պատմությանը վերաբերող վարպետության դասեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Այս տարվանից սկսած ամեն տարի հունիսի երկրորդ շաբաթ օրը Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում կկազմակերպվի փառատոն, որի պաշտոնական անվանումը կլինի «Զարկ ֆեստ», իսկ ոչ պաշտոնական անվանումը՝ յարխուշտայի փառատոն: Այս մասին այսօր կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ախթալայում արդեն տարածվել է խորովածի բույրը. փառատոնի մեկնարկը տրված է

Յարխուշտայի փառատոն` Հայաստանում. ինչու պետք է այն կազմակերպվի պասիվ սեզոնին

«Մենք շատ ենք կարևորում մեր ժողովրդի ավանդույթների, մշակութային ավանդույթների և արժեքների քարոզչությունն ու գործնական տարածումը մեր իրականության մեջ, և մենք պետք է կարողանանք հստակ սահմաններ գծել, թե որն է մեր ազգայինը, որոնք են մեր ինքնության հետ կապված արժեքները, որոնք՝ ոչ: Այս առումով կարծում եմ, որ հայկական պարարվեստն իսկապես այն երևույթներից է, որ մենք վստահ կարող ենք դնել ազգային արժեք վերնագրի ներքո: Եվ այդ առումով, կարծում եմ, որ յարխուշտան մեր ազգային էությանը և ինքնությանը շատ հարիր և ամենաբնորոշ պարերից է ու մեր անելիքների, ոգու հետ կապված շատ մեծ էներգիա է պարունակում»,–ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ տեղն էլ պատահաբար չէ ընտրված. Թալինի տարածաշրջանը հայտնի է որպես սասունցիներով բնակեցված տարածաշրջան, և գաղտնիք չէ, որ յարխուշտան առանձնահատուկ լավ է ստացվում սասունցիների մոտ: Փառատոնին կլինի նաև ամենամյա մրցութային ծրագիր: Առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրավողները նաև որոշակի պարգևներ կստանան:

«Կարո Բալյանի բեմադրած ներկայացումը ֆանտաստիկ է». մեկնարկեց Շեքսպիրյան թատերական փառատոնը

Փաշինյանի կարծիքով` յարխուշտայի փառատոնը նաև լավ միջավայր կլինի օտարերկրացի զբոսաշրջիկների համար: 

Նշենք, որ փառատոնի շրջանակում նախատեսվում է անցկացնել յարխուշտայի մրցույթ, լինելու է մրցութային պարահրապարակ, հայկական արվեստը և արհեստը ներկայացնող տաղավարներ, ֆոտոլուսանկարահանման և զբոսաշրջային տեղեկատվական տաղավարներ, թանգարան-ցուցասրահ, կազմակերպվելու են հայկական պարի սկզբնավորմանը և պատմությանը վերաբերող վարպետության դասեր: Նախատեսվում է նաև ունենալ Արագածոտնի մարզի համայնքների գոտի, որտեղ համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքը, բնորոշ ավանդույթները, մշակույթը, խոհանոցը:

Փառատոնի կազմակերպչական հարցերի պատասխանատուն «Արենի փառատոն» հիմնադրամն է: