ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Երևանում երկու անչափահասի են դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Երեկ՝ ժամը 21։50-ի սահմանում, ոստիկանությունը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։ Պարզվել է` հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի բնակիչներ, 18-ամյա Գոռ Գ-ն և 17-ամյա Գուրգեն Ի-ն»,–գրում է կայքը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներից Գուրգեն Ի-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ Գոռ Գ-ն գտնվում է վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարել են վիրավորների կյանքը փրկելու համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Փափազյան 8 հասցեում գործող «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից։
Կոտայքի մարզում եղբայրներ են դանակահարվել
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Գոռ Գ-ի և Գուրգեն Ի-ի հետ անձնական հարցերի շուրջ վիճաբանել են Երևան քաղաքի բնակիչներ՝ 16-ամյա Արման Ս-ն, 16-ամյա Ալբերտ Ս-ն, 16-ամյա Համլետ Մ-ն և 18-ամյա Մանուկ Մ-ն։ Ըստ նախնական տեղեկությունների` Ալբերտ Ս-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ-ին և Գուրգեն Ի-ին։
Նշված անձանցից Ալբերտ Ս-ն և Արման Ս-ն արդեն բացատրություն են տվել ոստիկանությունում, նրանց ազատ են արձակել։ Արաբկիրի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մյուս անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։