Նիկոլ Փաշինյանը մանրամասն հայտնեց, թե 311 վարորդներն ինչու են զրկվել վարորդական իրավունքից

ՀՀ վարչապետը համոզված է, որ վարորդների հանդեպ կիրառված պատիժն արդարացի է։ Նա հուսով է, որ վարորդներն ավելի օրինապահ կդառնան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ այսօրվա դրությամբ 311 վարորդ զրկվել է վարորդական իրավունքից, բայց նրանցից ոչ մեկի դեպքում բալային համակարգ չի կիրառվել։

Հայ վարորդը ուղևորներ «որսալու» յուրահատուկ ձև է գտել. տեսանյութ

«Վարորդական իրավունքից զրկվել են միայն նրանք, ովքեր կոպտագույն խախտումներ են արել»,– ասաց նա։

Վարչապետը մանրամասնեց` 27-ը վարորդական իրավունքից զրկվել են մեքենան առանց պետհամարանիշի վարելու, 16–ը` կրկնակի ոչ սթափ վարելու համար, 6–ը հրաժարվել են սթափության ստուգում անցնել, 180 հոգու դեպքում խմածությունը 0.5 միլիգրամից շատ է եղել, 2 հոգի վարորդական իրավունքից զրկվել են չենթարկվելու և փախուստի համար, 3-ը` հատուկ ձայնային ազդանշան` փարոսիկ տեղադրելու համար։

«Էս մի քանիսը, կներեք արտահայտությանս համար, օլիգարխիական զամաշկեք են»,– ասաց նա։

Վարչապետի խոսքով` 77 հոգի էլ ոչ միայն զրկվել են վարորդական իրավունքից, այլև նրանց հետ կապված նյութեր են պատրաստվել, ուղարկվել նախաքննական մարմին` քրեական գործով նախաքննություն անցնելու համար։

«Այս մարդիկ ինչու՞ են զրկվել վարորդական իրավունքից։ Նրանց մի մասը` վարորդական իրավունքից զրկված վիճակում մեքենա վարելու համար, մյուս մասը, որ հա՛մ վարորդական իրավունք չի ունեցել, հա՛մ խմած է վարել։ Իմ կարծիքով` այս դեպքերը արդարացի են, որովհետև սրանք հանրային անվտանգությունը հարվածի տակ դրված գործողություններ են», – ասաց նա։

Խցանումները կպակասեն. վարորդներին խոստացած ԱՊՊԱ–ի նոր հավելվածն արդեն գործում է

Փաշինյանը հայտնեց, որ այս տարվա փետրվարի 18-ի դրությամբ ավտովթարների զոհ դարձածների թիվը 2-ով պակաս է, քան նախորդ տարի։ Այն դեպքում, որ անցյալ տարի մեր երկրում 150 հազարով ավելացել է մեքենաների թիվը։

Վարչապետը ևս մեկ անգամ նշեց, որ նշված անձինք բալային համակարգի պատճառով չեն զրկվել վարորդական իրավունքից։

«Ըստ ամենայնի` այդ համակարգով առաջին զրկումները կլինեն մարտի վերջին, ապրիլի սկզբին։ Երբ դրանք արձանագրվեն, մենք խորը վերլուծություն կանենք հասկանալու համար` որքանով է համակարգն արդարացի, կմտածենք այդ համակարգի կատարելագործման ուղղությամբ»,– ասաց նա։

Փաշինյանը հուսով է, որ բալային համակարգը կօգնի ավելի օրինապահ դարձնել մարդկանց։

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել տուգանային միավորների նոր համակարգը։ Տեսասարքերով արձանագրված խախտումների համար այն գործում է հունվարի 1-ից, ՃՈ տեսուչների արձանագրած խախտումների համար` 2020 թ-ի սեպտեմբերի 1-ից։ Նշենք, որ վարորդներից շատերը դժգոհ են այս համակարգից: Բողոքողները հիմնականում տաքսու վարորդներն են:

Անսահման ծիծաղ. Facebook-ի օգտատերերն անդրադարձել են տուգանքների բալային համակարգին