Ինչի՞ հաշվին է գոյացել տնտեսական աճը. կան անհանգստացնող տվյալներ

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է, որ պետք է ուշադրություն դարձնել, թե որտեղից է գալիս տարբեր ոլորտներում գրանցած տնտեսական աճը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. Նախորդ տարին տնտեսական առումով լավ տարի էր, սակայն, դրան զուգահեռ, կան մի շարք անհանգստացնող ցուցանիշներ և հարցեր: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

«Լավ է, որ, օրինակ, 9 տոկոսով արդյունաբերության աճ ենք ունեցել, սակայն, մյուս կողմից, պետք է մեզ անհանգստացնի այն երևույթը, որ արդյունաբերության մեջ որոշիչ է դառնում «հակաարդյունաբերությունը»: Այսինքն՝ 9 տոկոս աճը ձևավորվել է հանքարդյունաբերության ոլորտում մոտ 24 տոկոս աճով, մինչդեռ մշակող արդյունաբերությունը 7.6 տոկոս աճ է գրանցել: Պետք է ուշադրություն դարձնել, թե որտեղից է գալիս աճը»,-ասաց նա:

Ներդրումային բումից հույսներս պետք է կտրենք. Հայաստանը պատրաստ չէ՞ լուրջ ներդրումների

Ասատրյանի խոսքով՝ եթե ուզում ենք դինամիկ զարգացող տնտեսական համակարգ ունենալ, շինարարության աճի տեմպերը պետք է լինեն ավելի բարձր, քան ընդհանուր տնտեսական աճը։ Սակայն 2019–ին ունեցել ենք 4.7 տոկոս շինարարական աճ, իսկ տնտեսության աճը կազմել է 7.8 տոկոս։

Բացի այդ, ըստ տնտեսագետի, անհանգստացնող է այն հանգամանքը, որ տնտեսական աճը բնութագրվում է գնաճի` ծրագրայինից ավելի ցածր մակարդակով։ Ասատրյանը նշեց` գնաճը, ճիշտ է, չարիք է, սակայն ցածր գնաճն էլ է չարիք, այսինքն` եթե գնաճի մակարդակը նորմայի սահմաններում լիներ, ավելի մեծ կլիներ տնտեսական աճը։

Մյուս անհանգստացնող երևույթը արտահանման և ներմուծման տվյալներն են` արտահանման ծավալների աճի տեմպն ավելի ցածր է, քան ներմուծման ծավալները։ «Ես նախորդ շաբաթ Վրաստանում էի և տեսել եմ ճանապարհը, որով ՀՀ–ն կապվում է ՌԴ–ին` Լարսի ճանապարհը դժոխքի ճանապարհ է։ Դա այն ճանապարհը չէ, որը կարող է ապահովել քիչ, թե շատ խելամիտ տնտեսական զարգացում»,–ասաց տնտեսագետը։

Անցած տարի գնված էժան մեքենաները շարունակում են Հայաստան հասնել, բայց արդեն թանկացած

Ասատրյանը, սակայն, հայտնեց, որ հասարակությունը սպասելիքներ ունի` մարդիկ ակնկալում են, որ վաղը լավ է լինելու։ Այդ մասին փաստում է բանկային համակարգում գրանցված տվյալները` 2019–ին կապիտալի աճ է տեղի ունեցել 10 տոկոսով, իսկ ակտիվների աճը՝ 17 տոկոս է եղել, այսինքն՝ ավելի բարձր, քան մեր տնտեսական աճն է:

Հիշեցնենք, որ վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական ցուցանիշներով` 2019թ–ին տնտեսական ակտիվությունը Հայաստանում աճել է 7.8%–ով։ Այդ վիճակագրության համաձայն` տնտեսական ակտիվության ցուցանիշն անցած տարվա հունվար–դեկտեմբերի ամիսների ընթացքում 2018թ.–ի նույն ցուցանիշի համեմատ աճել է 107.8%–ով։