«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

2008թ.-ին Պեկինում կայացած ամառային օլիմպիական խաղերում ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը 85 կգ քաշային կարգում նվաճեց բրոնզե մեդալ, որը 2017-ին 2-րդ տեղը զբաղեցրած Անդրեյ Ռիբակովի որակազրկումից հետո վերածվեց արծաթի: Դժվար թե մարզիկը երազում էր դպրոցի ուսուցիչ դառնալու մասին:
Sputnik

2008 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2008 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը մարզական կարիերան ավարտելուց հետո սպորտում չշարունակեց իր ճանապարհը։ Ոչ ավել ոչ պակաս  նա դարձավ Շիրակի Սառնաղբյուր գյուղի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Ի՞նչ տեղի ունեցավ, մի՞թե փորձառու մարզիկը չէր կարող վաստակած փորձն ու վարպետությունը փոխանցել ավելի երիտասարդ ծանրորդներին:

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչու Տիգրանն ընդհատեց սպորտային կարիերան, և ինչը նրան տարավ դպրոց։ Ճանաչված ծանրորդը կոնկրետ ոչ մեկին չի մեղադրում իր կյանքի այս շրջադարձի համար: Նա գտնում է, որ պետք է ապրել ոչ թե վաղվա օրով, այլ մտածել այսօրվա մասին:

Շրջադարձային որոշումներ

Իմ կյանքի ընթացքում շատ են եղել կտրուկ ու շրջադարձային որոշումներ: Երբ մտա դպրոց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, գտա, որ տվյալ պահի համար դա է ճիշտ որոշումը: Իհարկե, կտրուկ որոշումներ կայացնելով` երբեմն քեզ զրկանքների ես ենթարկում, բայց ես դպրոց գնացի մեծ հաճույքով: Շատ լավ հասկանում էի, որ մանկավարժ լինելը շատ պատասխանատու աշխատանք է:

Հայ ծանրորդի «ուշացած» մեդալը ստիպել է վերապրել օլիմպիական լարվածությունը

Գիտեք` դպրոցում շատերը զարմանում էին, շատերը սրտացավություն էին դրսևորում` հաշվի առնելով իմ նվաճած մեդալներն ու իմ արած աշխատանքը, ասում էին` դու քո տեղում չես: Ես չեմ ուզում ինձ բնութագրել, բայց կարծում եմ, որ այս շրջադարձի հիմքում ընկած է իմ բնավորությունը: Ես սիրում եմ ճիշտն ասել բոլոր մակարդակներում, իսկ դա միշտ չէ, որ ընդունվում է:

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Տարիների ընթացքում սպորտում ձեռք բերածը ոչ մոռանում ես, ոչ էլ կորցնում: Ես ու իմ թիմակից ընկերները շատ ծանր պայմաններում ենք մարզվել ու պատրաստվել մրցումներին`մոմի լույսի տակ, վառարան վառելով: Կոփվելու յուրահատուկ դպրոց ենք անցել, այնպես որ դժվարություններից երբեք չեմ վախեցել ու չեմ վախենում։

Կյանքը շարունակվում է, և դա ռոմանտիկա չէ

Կյանքը շարունակվում է, ընտանիք, երեխա ունեմ, նրանց պահել է պետք։ Այս պահին աշխատանք չունեմ, երեք տարի դպրոցում աշխատելուց հետո հիմա, կարելի է ասել, գործազուրկ եմ, բայց համոզված եմ` դա էլ կանցնի, օրը կգա, բարին էլ հետը: Ես հանձնվող մարդ չեմ: Երբեք չեմ ասում` երբեք:

Ֆուտբոլը կորցրեց, ըմբշամարտը գտավ. ինչպես Արթուր Ալեքսանյանը ընտրություն կատարեց

«Հաջողության ջենթլմենները» ("Джентльмены удачи") ֆիլմում մի արտահայտություն կա ` Украл, выпил - в тюрьму! Романтика!։ Մարզիկի կյանքը ռոմանտիկա չէ: Հաղթանակներից ու պարտություններից առաջ երկար ու տանջալի մարզումներն են, շփումը մարդկանց հետ: Լինում են շատ ուրախալի պահեր, լինում են նաև խիստ տխրեցնող երևույթներ: Ցանկացած  դեպքում մարզիկը պետք է նպատակ ունենա, ձգտի ու հասնի դրան: Ես չեմ կարողացել կեղծել ոչինչ: Ուրախացել եմ, երբ առիթ է եղել, տխրել եմ, երբ դրա պատճառն եմ ունեցել: Միգուցե բնավորության այդ գիծն է ինձ խանգարել, չգիտեմ:

Առանց առաջարկների ու զբաղմունքի

Օլիմպիական մեդալը միշտ էլ բարձր է գնահատվում մյուս բոլոր մեդալներից: Պեկինի 2008 թվականի օլիմպիական արծաթից հետո, ստացվում է`ոչ թե հետ քայլ արվեց, այլ հրաժարում սպորտից: Ցանկություն կար փորձս ու վարպետությունս ավելի երիտասարդներին փոխանցելու: Բայց չի եղել առաջարկ, և ես դա ընդունել եմ նորմալ: Երևի կան պատճառներ, որ առաջարկ չեմ ունեցել:

«Ես սիրում եմ ճիշտն ասել...». ինչու է օլիմպիական արծաթե մեդալակիրն աշխատում դպրոցում

Իմ կյանքի ճանապարհը ես եմ ընտրել ու համարում եմ, որ եթե այսպես է ստացվել, ուրեմն ճիշտը սա է։ Սպորտի բացասական կողմը հենց դա է: Նվիրվում ես անմնացորդ, հետո գալիս է մի պահ, երբ ոչ ոքի դու պետք չես սպորտում:

Տղամարդը չպետք է նեղանա

Ես համարում եմ, որ տղամարդը չպետք է նեղանա։ Պարզապես հետևություններ եմ անում ու համապատասխան վերաբուրմունք ցույց տալիս: Ներկայի վիճակն ինձ համար ամենալավն է: Ես երբեք չեմ փոխի ինձ մոտ արմատացած կարծիքը որոշ մարդկանց, ու որոշ երևույթների հանդեպ: Գիտեք` ես երբեք չեմ մոռանում, ո՛չ լավությունը, ո՛չ վատությունը: Եթե սա կմեկնաբանվի, որ ես հիշաչար եմ, ուրեմն հիշաչար եմ: Ես սիրում եմ ճիշտը, իսկ ճիշտը մեկն է լինում։