«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան

Եկեք անկեղծ լինենք: Տարիներն անցնում են, շատ բան մոռացվում է նույնիսկ մեր նորագույն պատմությունից: Բայց այսօր փետրվարի 19-ն է:
Sputnik
«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան

Համենայն դեպս իմ սերնդակիցներին, կարծում եմ, կարիք էլ չկա հիշեցնելու, որ 32 տարի առաջ՝ 1988-ի հենց այս օրը, Երևանում՝ Օպերայի հրապարակում, որը հետագայում ստացավ Ազատության հրապարակ անվանումը, տեղի ունեցավ առաջին մեծ հանրահավաքը, որին միգուցե դուք էլ եք մասնակցել: Ու Հայաստանում ծայր առավ ղարաբաղյան շարժումը: 

Գրախանութներից ամենից հաճախ գողանում են Աստվածաշունչը, որում գրված է՝ մի գողացիր

Եվ քանի որ այսօր՝ փետրվարի 19-ին, նաև գիրք նվիրելու օրն է, թույլ տվեք գոնե խորհրդանշական ձևով նվիրել ձեզ այս գիրքը: Ինչու եմ ուզում խոսել այսօր հենց այս գիրքի մասին: Այն պարզ պատճառով, որ հեղինակը Համբարձում Գալստյանն է, որն, ի դեպ, այս տարի կդառնար ուղիղ 65 տարեկան: Բայց գիտեք երևի` նա սպանվեց 94 թվականին, երբ ընդամենը 39 տարեկան էր: Երևի ներկայացնելու կարիք էլ չկա. Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից էր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հետո նաև Երևանի քաղաքապետ: Նրա գիրքը կոչվում է «Չուղարկված նամակներ», հասցեագրված է դստերը՝ Մարիամին, և գրված է Մոսկվայի Բուտիրյան բանտում, որտեղ 1988 թվականի վերջին տեղափոխեցին «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին: 

Մեջբերեմ:

«Ուզում եմ քեզ մի բան հիշեցնել: Մի անգամ ինչ-որ առիթով ասացիր, որ Գորբաչովը մեզ չի սիրում: Կարծում եմ՝ չարաչար սխալվում ես: Խեղճ մարդը ոչ մի արգելքի ու ծախսի առաջ կանգ չառավ, երկու-երեք հսկա ինքնաթիռ հատկացրեց՝ մեզ իրեն մոտեցնելու համար: Երբեմնի ռազմական շինությունը ներկայումս այնքան մոտ է գտնվում Կրեմլին, որ եթե լուսամուտին կրկնակի ճաղեր չլինեին, ապա կարելի էր տեսնել հերոս քաղաքի հռչակավոր սուտակե աստղերը: Նոր կացարանիցս դժգոհելու առանձնակի պատճառ չունեմ: Մեր բնակարանից շատ վատը չէ: Այնտեղ հինգ հոգով ապրում էինք 18 քառակուսի մետր տարածքի վրա, այստեղ՝ չորս հոգով՝ 11-12-ի վրա»։ 

Եթե նորից պատերազմ սկսվի, այն չի նմանվի 1990-ականներին տեղի ունեցածին. Արմեն Դուլյան

Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն

«Ղարաբաղ» կոմիտեի անդամներին այնտեղ՝ «Բուտիրկայում», առանձին խցերում էին նստեցրել: Համբարձում Գալստյանը պատմում է. «Վանոն մի փոքրիկ պոեմ է գրել: Ուղարկեց, կարդացի, ու սիրտս շատ լցվեց: Առաջվա նման շատ լավ է գրում: Այդ ապուշին պիտի համոզեմ, որ դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի: Մյուս ապուշներին ևս: Վանոն բնակվում է հինգ հոգանոց մի համերաշխ կոլեկտիվում, որտեղ  իրենից բացի մի ազգային փոքրամասնություն ևս կա՝ Ադրբեջանից: Վանոն կարծում է, որ հիմնարկի ղեկավարությունը նման տեղաբաշխում կատարելիս որևէ դիտավորություն չի ունեցել՝ ինչպես ինքն ասաց՝ էդ տավարներին ուր է էդքան խելք: Եվ հիմա իրենք էլ հաշտ-համերաշխ ապրում են»:

Իսկ Համբարձում Գալստյանի հետ նույն խցում նստածներին ժամանակ առ ժամանակ տանում էին դատավարության, որտեղ նրանց տրված էր, այսպես կոչված, «վերջին խոսքի» իրավունք: Եվ Համբարձումը նրանց այդ հարցում օգնում էր՝ պարզապես գրում էր նրանց համար այդ «վերջին խոսքը»: Ահա թե ինչպես է ինքը նկարագրում. «Ամենաէական օգնությունս թերևս այն է, որ բախտակիցներիս համար անհասկանալի վարպետությամբ կարողանում եմ կազմել բոլոր տեսակի բողոքները, դիմումները, «վերջին խոսքերը» և սիրային նամակները: Պատկերացնո՞ւմ ես՝ անում եմ բավական հաճույքով, և կամաց-կամաց ստեղծագործության այդ ժանրը սկսում է դուրս գալ»: 

Բա ո՞ւր է խոստացածդ «Վոլգան». ինչո՞ւ հայերը Նոբելյան մրցանակի չեն առաջադրվում

«Գրածս «վերջին խոսքերը» կարդալիս հաճախ ինքս էլ եմ հուզվում: Հապա լսիր. «Քաղաքացի դատավորներ, նայեք այդ գեղեցկադեմ, բայց ալեհեր, ժամանակից շուտ ճերմակած մազերով կնոջը: Նա իմ մայրն է: Նա արժանի էր գիտնական կամ տիեզերագնաց ծնելու, մինչդեռ ինձ նման ստահակ ծնեց: Ես նրա երիտասարդությունը չխնայեցի, գոնե դուք մեծահոգի եղեք նրա ծերության առաջ»: Ո՞նց է: Հիմա պատկերացրու հեկեկացող դահլիճը և դատավորին, որն ամենայն հավանականությամբ, «վերջին խոսքի» հեղինակի տարիքի որդի ունի: Պատիժը քանի՞ տարով կիջեցնի: Ի՞նչ: Ապուշ: Դատավորի տղան համալսարանի կուսակցության պատմության ամբիոնում ասպիրանտ է: Կամ աշխատում է Դանիայի, թե Շվեդիայի խորհրդային դեսպանությունում: Եվ սիրասուն հայրիկը մեկընդմիշտ գիտի, որ լավ ընտանիքների երեխաները մեղադրյալի աթոռին չեն նստում»: 

Ահա այսքանը Համբարձում Գալստյանի գրքից: Պարզապես այսօր անցյալը հիշելու օրն էր: 

«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը