Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա
Ուղիղ հարդարած մազեր, թեթև շապիկ և ապարանջաններ, որոնք զրնգում են անգամ աննկատ շարժման դեպքում։ Տիկին Ռիտայի հետ ավելի մտերմիկ ծանոթությունից հետո հասկանում ես, որ Ակադեմիական արմավենիների շքանշանով (պարգև, որը շնորհվում է Ֆրանսիայում կրթության և գիտության բնագավառում ունեցած վաստակի համար. խմբ.) նրան իզուր չեն պարգևատրել։
Ռիտա Շուշան Արաքսը ծնվել է 1935 թվականին Թուրքիայում ապրող հայերի ընտանիքում։ Հինգերորդ սերնդի ստամբուլցին իր 85 տարուց 40-ը նվիրել է ֆրանսերենի դասավանդմանը, իսկ 4 ամիս առաջ իրականացրել վաղեմի երազանքը և եղբոր` 105–ամյա Նուրհան Ժոզեֆովիչի հետ տեղափոխվել պատմական հայրենիք`Հայաստան։ Նույնիսկ հասցրել է հայկական քաղաքացիություն ստանալ։
«Ես միշտ ասել եմ, որ ուզում եմ Հայաստանում մահանալ։ Ամբողջ կյանքս Թուրքիայում եմ ապրել, բավական է», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տիկին Ռիտան։
Ռիտա Շուշան Արաքսը գերազանցությամբ է ավարտել Ստամբուլի ֆրանսիական թեքումով գիմնազիան։ Ավելի ուշ շատ հարգված մանկավարժ է դարձել Թուրքիայում։ Հիշում է իր բոլոր աշակերտներին։ Պատմում է, որ 40 տարվա ընթացքում բազմաթիվ սերունդներ է դաստիարակել, որոնց թվում եղել են նաև Թուրքիայի իշխանությունների և մտավորականության ներկայացուցիչների երեխաներ և թոռներ։
Ծով չունեցող երկրում կարելի է ծովագայլ դառնալ․ ինչպես Ալոյանը ջրի երես հանեց թուրքին
«Ազգությամբ թուրք աշակերտներ ունեմ, որոնք մինչև հիմա էլ զանգում ու հարցնում են որպիսությունս։ Մի օր նրանցից մեկն ասաց, որ առանց ինձ ինքը չէր դառնա այն, ինչ կա, և այն ամենը, ինչին հասել է, հնարավոր է դարձել նաև իմ շնորհիվ»,–պատմում է տիկին Ռիտան։
Ինքն աշակերտներին, աշակերտներն էլ իրեն են շատ սիրել։ Հաջողության գաղտնիքն իր իսկ մշակած դասավանդման մեթոդն ու «երբեք չպատժել» սկզբունքն է եղել։ 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ ձայնը չի բարձրացրել աշակերտների վրա, երբևէ որևէ մեկին չի պատժել։
«Որդուս էլ չեմ պատժել, ինչի՞ կհասնեի դրանով»,– ասում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով` պետք է մոտեցում գտնել յուրաքանչյուր աշակերտի հանդեպ, հասկանալ, թե ինչու նա ինչ–որ բան չարեց այնպես, ինչպես պետք էր։
Հարցին, թե ինչպես է նրա ընտանիքին հաջողվել ողջ մնալ Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ իրեն` հաջողության հասնել Թուրքիայում, տիկին Ռիտան համեստորեն պատասխանում է. «Մենք ոչ մի բանով չէինք առանձնանում»։
Ասում է` ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքը քաղաքականություն չէին մտնում, աշխատում էին և ապրում համեստ կյանքով, չէին շփվում ծայրահեղական տրամադրություններ ունեցող թուրքերի հետ։
Նրանք Ստամբուլում իրենց փոքր աշխարհն էին ստեղծել, որտեղ էլ ապրում էին։
«Մենք թուրքերի դաժանությունը մեր մաշկի վրա չէինք զգում, բայց այն անուղղակիորեն նաև մեզ էր միշտ վերաբերվում... Մեր աչքի առաջ սպանեցին Հրանտ Դինքին», – ասում է տիկին Ռիտան։
Այստեղ մի փոքր դադար է տալիս։ Զգացվում է` նույնիսկ տարիներ անց նա խորապես ցավում է հայրենակցի կորստի համար։
Արաքսը, դասավանդելուց բացի, թատերական խմբակով է զբաղվել, որը գործել է ֆրանսիական գիմնազիայում։ Այստեղ նրա ղեկավարության տակ ֆրանսերեն պիեսներ էին բեմադրվում, ինչի համար էլ Ֆրանսիայի` այն ժամանակվա մշակույթի նախարար Ժակ Լագանը նրան պարգևատրեց Ակադեմիական արմավենիների շքանշանով։
Ռիտան ու ամուսինը երկար տարիներ աջակցել են Թուրքիայի հայերին, օգնել ձուլման դեմ պայքարին։
«Ոչնչացնելու մտադրություն». ցեղասպանության մասին ֆիլմն առաջադրվել է «Էմմի» մրցանակի
«Որքան թրքացած հայ մենք վերադարձրինք իրենց արմատներին։ Այդ հարցում մեծ ներդրում ունեցավ ամուսինս»,–ասում է տիկին Ռիտան։
Ափսոս, ամուսինը չապրեց այնքան, որ դեպի հայրենիք այս վերջին ճամփորդության ժամանակ ընկերակցեր տիկնոջը։ Նա կյանքից մի քանի տարի առաջ է հեռացել։ Արաքսն ու ամուսինն առաջին անգամ պատմական հայրենիք եկան 80-ականներին։ Սակայն խորհրդային Հայաստանը նրանց այդքան էլ չգրավեց։ Այսօր, տիկին Արաքսի խոսքով, պատմական հայրենիքն ամուսնուն շատ ավելի դուր կգար, ինչպես իրեն է դուր եկել։