Աքորիում 165 գլուխ խոզ է սատկել. ո՞րն է զանգվածային անկման պատճառը

ՍԱՏՄ-ից հավաստիացնում են, որ պատշաճորեն կատարվել են սատկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի և անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի մասնագետները փորձանմուշներ են վերցրել Աքորիում խոզերի կերերից։ Ուսումնասիրության արդյունքում դրանցում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ և բորբոսասնկեր:

Երկու թռչնաֆաբրիկայում տասնյակ հազարավոր ժամկետանց և «ապագայի» մակնշմամբ ձվեր են գտել

Նշվում է, որ Աքորի գյուղի երեք տնտեսություններում արձանագրվել է խոզերի ամբողջ գլխաքանակի (165 գլուխ) անկում:

«ՍԱՏՄ տեսուչները վերջին երկու շաբաթների ընթացքում ամենօրյա ուշադրության կենտրոնում են պահել Աքորի համայնքի այդ տնտեսությունները, մեկուսացրել դրանք, հետևել, որ պատշաճորեն կատարվեն անկած կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի հողածածկման, տվյալ տարածքի և անասնագոմի ախտահանության աշխատանքները՝ վարակի տարածումը կանխելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Խոզի կերի փորձանմուշների արդյունքները ստանալուն պես ձեռնարկվել են վերահսկողական աշխատանքներ՝ հետագծելիությամբ դրա ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ: Արդյունքները կներկայացվեն:

Հայաստանում աֆրիկյան ժանտախտ չկա. ինչո՞ւ են խոզերը սատկել Սյունիքում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզի Աքորի համայնքի երեք տնտեսություններում արձանագրված խոզերի անկման պատճառը անաէրոբային և կոկային ինֆեկցիայի հարուցիչներն են եղել, որոնք լաբորատոր հետազոտությամբ հայտնաբերվել են վերցված նմուշներում:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ամռանը Սյունիքի մարզում նույնպես խոզերի զանգվածային անկում էր գրանցվել։ Այն ժամանակ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը հայտնել էր, որ Կոռնիձոր համայնքում ավելի քան 200 խոզ է սատկել։ Անկման պատճառը, ըստ գյուղացիների, աֆրիկյան ժանտախտն էր, սակայն փորձաքննությունը անաէրոբ վարակներ բացահայտեց։

Դրանից առաջ Հայաստանում խոզերի զանգվածային անկման դեպք է գրանցվել աֆրիկյան ժանտախտի պատճառով` 2011 թվականին։