«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ

Պաշտպանը տեղեկացրեց, որ որոշման տեքստը կտրամադրվի մեկ օրվա ընթացքում, կծանոթանան ու իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի — Sputnik. «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը կմնա կալանքի տակ։ Երևանի ընդհանուր իրավասության Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանում կայացած դատական նիստից հետո տեղեկությունը լրագրողներին փոխանցեց Թավադյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Հայտնի է` երբ կկայանա Սերժ Սարգսյանի գործով դատական առաջին նիստը

«Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը կալանքը 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ։ Պաշտպանների միջնորդությունը` գրավով խափանման միջոց կալանքը փոխելու, մերժվել է»,–ասաց նա։

Օրբելյանը տեղեկացրեց նաև, որ որոշման տեքստը կտրամադրվի մեկ օրվա ընթացքում, կծանոթանան ու իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն։ «Առաջին հայացքից ասեմ` բողոքարկելու հիմքեր կլինեն։ Մի շարք հանգամանքներ կան, որ ինքնին դարձնում են բողոքարկելի։ Դատարանի մնացած արգումենտներին կծանոթանանք և այդ մասով ևս կբողոքարկենք»,–ասաց նա։

Փաստաբանը տարակուսած է, նրա խոսքով` այս պահի դրությամբ ինքը չի տեսնում ինչ հիմքով են մարդուն կալանքի տակ պահում, եթե նախորդ 2 ամսում 10, թե 11 գործողություն է կատարվել ընդամենը 4 հոգանոց խմբի կողմից։ «Սա անձի ազատության հիմնարար իրավունքի խախտում է»,–ընդգծեց նա։

Արմեն Թավադյանի նկատմամբ քրեական գործը քաղաքական հաշվեհարդար է հիշեցնում. «5–րդ ալիք»

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24–ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին կալանավորել էին կազմակերպված խմբի կողմից վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու կասկածանքով: