Երևանում ոստիկանին սպանած դեռահասը մեղսունակ է ճանաչվել. նա ընդունել է մեղքը

Սպանության մեջ մեղադրվող Հրաչ Գալստյանը հոգեբուժարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. Ոստիկան Տիգրան Առաքելյանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա Հրաչ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ, նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց հանրային պաշտպան Արթուր Հարությունյանը։

Մայրն անընդհատ շոյում է հեռախոսը, որ Տիգրանի նկարը երևա. ինչ գիտենք սպանված ոստիկանի մասին

Տիգրան Առաքելյանը սպանվել էր 2019 թվականի հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Երևանի Ազատության պողոտայում, երբ գործընկերոջ հետ փորձել էր բերման ենթարկել կասկածելի քաղաքացիներին։

Հարությունյանը հայտնեց, որ փետրվարի 12-ին քննիչը կալանավորման երկարաձգման միջնորդություն է ներկայացրել, որը բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Դրանից հետո Գալստյանը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։

«Մասիվցի Անդիկից» մինչև ոստիկանի դաժան սպանություն. 2019–ի աղմկահարույց դեպքերը

«3 ամիս նա գտնվում էր «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում։ Նոյեմբերի 21-ին Գալստյանը տեղափոխվել էր այնտեղ՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն անցնելու։ Փորձաքննության եզրակացության համաձայն՝ Գալստյանը ճանաչվել է մեղսունակ»,–ասաց նա։

Հարությունյանի խոսքով` տղան ընդունել է իր մեղքը, սակայն բացառել է դիտավորությունը։ Տղան չի ցանկացել ոչ մեկին կյանքից զրկել։

«Գործ ունենք քրեաիրավական սխալ գնահատման հետ, որը նախաքննության ընթացքում համապատասխան գործողություններով վեր կհանվի»,–ասաց նա։

Հիշեցնենք՝ Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները հոկտեմբերի 16-ի գիշերը Ազատության պողոտայում բռնել էին իրենց նկատած ու փախուստի դիմած` 2003 և 2001 թվականներին ծնված 2 եղբայրներին: Նրանցից մեկը խլել էր ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու սպանել 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանին:

Իրավապահները պարզել էին, որ նախքան սպանությունը եղբայրները գողություն են կատարել գեղեցկության սրահից:

Ինչպես են բերման ենթարկել ոստիկանի սպանության մեջ կասկածվող եղբայրներին. տեսանյութ