Իրանում գործում է քաղաքական ուրույն համակարգ։ Քանի որ երկիրն իսլամական է, հետևաբար, ունի իր յուրահատկությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
«Բայց խորհրդարանական ընտրությունները, որպես կանոն, անցնում են բավականին բաց, ազատ և թափանցիկ մթնոլորտում, որովհետև թեկնածուները որոշվում են` անցնելով մինչընտրական մեծ զտման և ընտրության գործընթաց։ Այս պահի դրությամբ`խորհրդարանական ընտրությունների համար կա ավելի քան 7000 գրանցված թեկնածու, որոնց մեծամասնությունը ներկայացնում է հիմնականում Իրանի քաղաքական համակարգում առկա պահպանողական հայացքներ կրող թևը։ Ընթանում է բավականին լարված և ակտիվ ընտրական փուլ։ Նաև ձևավորվել է դաշինք, որը ղեկավարում է Թեհրանի նախկին քաղաքապետը, և այդ դաշինքը նույնպես խորհրդարանում ներկայանալի կազմով հայտնվելու լավ հնարավորություններ ունի»,–նշում է իրանագետը։
Վարդան Ոսկանյանը նշում է մեզ համար կարևոր մի հանգամանք։ Իրանի մեջլիսի նախորդ գումարումների ընթացքում հակահայկական և մասնակիորեն հակաիրանական դիրքորոշումներով աչքի ընկած և Ատրպատականը ներկայացնող որոշ պատգամավորների գրանցումը մերժվել է, և նրանք չեն մասնակցի ընտրություններին։
Գազի մատակարարումը Թուրքմենստանից Հայաստան. Աշխաբադը փող կստանա, իսկ Իրանը «ծիկ կանի»
Ըստ Իրանի սահմանադրության` խորհրդարանում իրանահայությանը հատկացված է երկու մշտական տեղ, և հայ համայնքը խորհրդարանի համար ընտրում է իր ներկայացուցիչներին` չընդգրկվելով, եթե կարելի է այսպես ասել, համաիրանական ընտրական գործընթացում։
Հյուսիսային և Հարավային Իրանից արդեն իսկ առաջադրվել են թեկնածուներ։ Ըստ իրանագետի` պետք է ակնկալել, որ հայությունը նույնպես, մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ միասին, պատշաճ ներկայություն կունենա Իրանի խորհրդարանում։
Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` ցանկացած նախընտրական գործընթաց ցանկացած երկրում բերում է ներքին հակասությունների որոշակի սրման, և այս առումով Իրանը բացառություն չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Իրանի ներսում իրավիճակն անկայունացնելու ցանկություն և հեռագնա ծրագրեր ունեն թե՛ տարածաշրջանային որոշ ուժեր, թե՛ արտատարածաշրջանային դերակատարները։ Իրանագետը ոչինչ չի բացառում, բայց կարծում է, որ Իրանի իշխանությունները կկարողանան ընդհանուր առմամբ կառավարել ընտրական գործընթացը, և վտանգավոր հետևանքներ պարունակող շատ լուրջ խժդժություններ կամ բողոքի լուրջ գործողություններ չեն լինի։
Իրան-Հայաստան գազատարը կարող է նավթ մատակարարել Մեղրիի նավթավերամշակող գործարանին