«Օրենքով գողերին» այսուհետ ասֆալտին կփռեն օրենքի տառին համապատասխան

ՀՀ նախագահը ստորագրել է քրեական ենթամշակույթը քրեականացնող օրենքները։ Դրանք ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից 10 օր հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի — Sputnik. ՀՀ նախագահը փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը:

Բերման են ենթարկել «Նորատուսցի Ալիկին». ինչ են հայտնաբերել բեռնախցիկում

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը` փոփոխություններն ընդունելով, օրենսդիրը կարգավորել է այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսևորումներ և վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձևավորվող հարաբերություններին:

«Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքում նախատեսվում են նոր հասկացություններ, դրանց գործնական կիրառման առումով Հանրապետության նախագահը կարևորում է լիազոր մարմինների հիշյալ իրավակարգավորումների ամենայն պատասխանատվությամբ կիրառումը, Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ու ազատությունները հարգելու գերակա սկզբունքի պահպանումը, իսկ դրանց սահմանափակման անհրաժեշտության դեպքում՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար պիտանի և անհրաժեշտ միջոցների ընտրությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սեփական երկրում անպաշտպան քաղաքացին և քրեական ենթամշակույթը. ինչպես ճիշտ պայքարել դրա դեմ

ՀՀ քրեական օրենսգրքում ու Քրեադատավարական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը ԱԺ–ն սկսել էր քննարկել 2019թ–ի նոյեմբերի 19-ին։ Քննարկումներն ընթացել էին բավական լարված ու փոխադարձ մեղադրանքների մթնոլորտում։

Կառավարությունն այն հաստատել էր դեռ օգոստոսի 29-ին։ Նախագիծը կառավարության նիստում ներկայացրած արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել էր, որ օրենքով քրեական պատասխանատվություն է նախատեսված քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավվելու ու պահպանելու համար։ Իսկ խմբավորման այն անդամը, որն իրավապահներին կհայտնի նման խմբավորման գոյության մասին՝ կազատվի պատժից կամ կարժանանա մեղմ պատժի։

Գեղարքունիքում քրեական հեղինակություններին «փռել են ասֆալտին». տեսանյութ

Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաև քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց ինչ–ինչ հարցերով դիմողների համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հանրությանն առավել մատչելի կերպով ներկայացնելու համար հստակեցրել էր, որ օրենքը օրենքով գողերի, «սխոդկաների», «օբշչյակների» և այս կարգի այլ երևույթների մասին է, որպեսզի այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն պատասխանատվության։ «Այս ենթամշակույթի կրող մարդիկ բանտը համարում են իրենց տունը, և հետևաբար, նրանց բոլորին պետք է ուղարկել իրենց տանն ապրելու»,– ասել էր Փաշինյանը։

«Օրենքով գողերի» դեմ պայքարը նոր չէ, կամ կանոններ` հազարավոր կալանավորների կյանքի գնով

Նոր օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: