ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը լրագրողների հետ ճեպազրույցում հավաստիացրեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա։
«ՍԴ-ում ո՛չ Վահե Գրիգորյանի եկած ժամանակ, ո՛չ հիմա ոչ մի ճգնաժամ չի եղել և չկա»,- ասաց նա։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը աշխատանքի չի հաճախում, բայց աշխատավարձ է ստանում, Թոխյանը արձագանքեց` իրեն հարցրեք։
Արդեն 23 տարի ՍԴ-ում աշխատող Թոխյանը չհերքեց, որ հանդիպել է Վահե Գրիգորյանի հետ, ասաց` նաև խորհուրդներ է տվել, բայց չցանկացավ մանրամասնել, թե ինչ բնույթի։
«Ավագի իրավունքով իմ խորհուրդներն ու հորդորներն եմ ասել Վահե Գրիգորյանին, այդքանը»,- նշեց Թոխյանը։
ԲՀԿ-ն չի մասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին
Պատասխանելով 2008 թ-ի նախագահական ընտրությունները կեղծելու մեղադրանքների մասին հարցին` Թոխյանը վստահեցրեց, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՍԴ-ն ո՛չ ընտրությունները կազմակերպողն է, ո՛չ էլ դրանց վերահսկողը։
«Այդ ամենը` ՍԴ-ի վերաբերյալ, բացարձակ շահարկում է, որ մենք իբր թե ընտրությունները կեղծել ենք կամ կեղծածները դակել ենք, ես չեմ ընդունում այդ մեղադրանքները, նախ դա օբյեկտիվ ճշմարիտ չէ, երկրորդ` հասցեատերը մենք չենք։ Թե ինչու են մեզ վրա բարդում, քավության նոխազ ուզում սարքել, գնացեք, իրենց հարցրեք։ Ձեզ էլ կարող են Քենեդու սպանության մեջ մեղադրել»,- եզրափակեց դատավորը։
Թոխյանը խոստացավ նաև առանձին ասուլիս հրավիրել և ավելի հանգամանալից պատասխանել 2008 թվականի նախագահական ընտրությունների մասին հարցերին։
Նշենք, որ Հայաստանում այս տարվա ապրիլի 5-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կանցկացվի։ Հանրաքվեն, ըստ էության, ՀՀ քաղաքացիներին առաջարկում է պատասխանել այն հարցին` արժե՞ արդյոք դադարեցնել մինչև 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, այսինքն նախկին իշխանության օրոք նշանակված ՍԴ նախագահի և նրա անդամների լիազորությունները։ Այս փոփոխությունները չեն առնչվում ՍԴ գործող 9 դատավորներից միայն երկուսին` Վահե Գրիգորյանին և Արմեն Դիլանյանին։ Մյուս 7-ը, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամ են դարձել մայր օրենքի 1995 և 2005 թվականներին խմբագրված դրույթների համաձայն։
Գերխնդիր է հլու–հնազանդ ՍԴ ունենալը. ի՞նչ ենք զոհելու այս ճանապարհին ըստ Հարությունյանի
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ էր ընտրվել 2019 թվականի հունիսի 18-ին։ Գրիգորյանը հունիսի 20-ին ՍԴ դատավորի երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՍԴ է գնում դատարանի նախագահի լիազորություններով։