Կապ չունի` Սարգսյանի, թե Քոչարյանի աջակիցն է ձևավորելու «Ոչ»–ի շտաբը. Ալեն Սիմոնյան

«Իմ քայլի» անդամները փակ նիստի ժամանակ մի շարք հարցեր են քննարկել և անդրադարձել են նաև հանրաքվեի թեմային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ իր համար մեկ է` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության «Ոչ»–ի շտաբն ով կգլխավորի։

«Սա մեր խմբակցության հերթական հանդիպումն էր վարչապետի հետ, հարցեր հնչել են հանրաքվեի մասին, բայց քննարկումն ուղղված էր խմբակցության աշխատանքներին առհասարակ։ Ինչ վերաբերում է հանրաքվեին և քննարկվող «Ոչ»–ի շտաբին, ապա ես վստահ եմ, որ այն կձևավորվի, իսկ թե ով այն կղեկավարի, ապա ինձ համար մեկ է»,–ասաց նա։

Հարցին, թե վաղն Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է ԿԸՀ գնալ ու «Ոչ»–ի ճամբար ձևավորվելու մասին փաստաթղթեր հանձնել, այսինքն` չի՞ մտահոգում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են «Ոչ»–ի շտաբը գլխավորելու, Սիմոնյանը պատասխանեց` ոչ։

«Եթե 7 դատավոր հրաժարական տա հանրաքվեի նախօրեին, 2,7 մլրդ դրամը կփոշիանա». Այվազյան

Նրա խոսքով` կապ չունի, թե ում աջակիցն է ձևավորելու «Ոչ»–ի շտաբը` Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, թե Հրայր Թովմասյանի։ Ըստ Սիմոնյանի` այնպես չէ, որ ՀՀ քաղաքացիների համար գաղտնիք է` ով է փորձելու կանգնեցնել գործընթացը։

«Քաղաքականապես բուռն և հաճելի ժամանակահատված է սպասում մեզ»,–ասաց Սիմոնյանը։

Նա, հայտնեց նաև, որ «Իմ քայլը» դեռ չի որոշել` երբ, որտեղ և ինչպես է անցնելու հանրաքվեի քարոզչությունը. դեռ քննարկումներ են անում այս ուղղությամբ։

Հրայր Թովմասյանը հրաժարական կտա՞ մինչև հանրաքվեն. պատասխանում է ՍԴ նախագահի խորհրդականը

Հիշեցնենք` ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԵԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Հանրաքվեն կանցկացվի ապրիլի 5–ին։

ՀՀԿ–ն չի մասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին