ՀՀ–ում Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի և շնչառական այլ վարակների հարուցիչներ կան

Երևանի մանկական հիվանդանոցները դեռևս գերծանրաբեռնված են աշխատում։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է` ինչ է պետք անել գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի – Sputnik.Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայունացման միտում ունի։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ սուր շնչառական վարակներով պոլիկլինիկական դիմելիությունը, փետրվարի 14-ի համեմատ, նվազել է 1,4 անգամ, իսկ փետրվարի 10-ի համեմատ՝ 1,2 անգամ:

«Իրավիճակի կայունացում է դիտվում սուր շնչառական վարակներով և հետգրիպային բարդություններով հոսպիտալացումներում, չնայած այն հանգամանքին, երբ Երևան քաղաքի մանկական հիվանդանոցները դեռևս աշխատում են գերծանրաբեռնված: Համաճարակաբանական վերլուծությունների տվյալները փաստում են, որ հոսպիտալացված երեխաների 65-75%-ը մանկահասակ երեխաներն են, որոնք, որպես ռիսկային խումբ, պետք է պատվաստվեն գրիպի դեմ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունը կրկին հիշեցնում է, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:

Ճակատագրի հեգնանք. ո՞վ է մեղավոր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան

Հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք, ովքեր դեռևս չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:

«Ծնող N1 ու N2-ն անթույլատրելի է». հայ գործիչները` Պուտինի որոշման մասին

Ինչ վերաբերում է կրթական հաստատություններում առկա իրավիճակին, ապա այսօրվա դրությամբ նշված կազմակերպություններում սուր շնչառական վարակներով հիվանդացությունը կազմում է 7,1%: Վերջինս բացատրվում է այն հանգամանքով, որ ձեռնարկված «համաճարակաբանական ֆիլտրի» արդյունքում սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքն արգելվում է կրթական հաստատություններ, իսկ նրանց տվյալները տրամադրվում են պոլիկլինիկական կազմակերպություններին՝ անհրաժեշտ խորհրդատվություն և բուժում ապահովելու համար: Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու համար «համաճարակային ֆիլտրի» աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Համաձայն լաբորատոր հետազոտությունների արդյունքների` այսօր հանրապետությունում շարունակվում է Ա H1N1 ենթատեսակի, գրիպի Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների շրջանառությունը:

Նախարարը լավ լուր է հայտնել դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտների համար