Այս ֆորմատով շփումը բանակցությունների վրա ազդեցություն կունենա՞. պատասխանում է Ռուբինյանը

Պատգամավորը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Փաշինյան–Ալիև հանդիպման մասին և ընդգծել ՀՀ վարչապետի խոսքի կարևոր շեշտադրումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում Փաշինյան-Ալիև երեկ կայացած  հանդիպման այդպիսի ձևաչափը դրական է գնահատում, որովհետև, ըստ նրա, կառուցողականության հույս պարունակող հանդիպում էր։

Հիշեցնենք, որ փետրվարի 15–ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկմանը, որ բաց ձևաչափով էր, ուղիղ հեռարձակվում էր, և ներկաները հնարավորություն ունեին նրանց հարցեր հղելու։

Փաշինյանը դեմ չի լինի, եթե Ալիևը խոսի հայ ժողովրդի հետ

«Երեկվա քննարկումից ևս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն իր մտածելակերպով և փիլիսոփայությամբ մնացել է 19-րդ դարում, նա ասում էր նույն բանը, ինչ իրենք ասել են 30 տարի շարունակ, և սա չի կարելի կառուցողականության առումով իրենց կողմից առաջընթաց համարել»,–ասաց Ռուբինյանը։

Անդրադառնալով Հայաստանի ղեկավարի խոսքին` պատգամավորը նշեց, որ Փաշինյանը խոսում էր ներկայի և ապագայի մասին, և ասում, որ առաջընթաց կարող է լինել միայն բանակցություններում մինիհեղափոխություններ անելով։ «ՀՀ վարչապետը ևս մի քանի կարևոր շեշտադրում արեց, օրինակ` որ եթե խոսեն ռազմական լուծման մասին` արցախցիները դրան ի պատասխան կասեն, որ այդ լուծումն իրենք վաղուց տվել են։ Կարևոր էր նաև ընդգծումը, որ այն ինչ ադրբեջանցիների համար տարածք է, մեզ համար անվտանգություն է և զիջման ենթակա չէ»,–ասաց Ռուբինյանը` նշելով, որ Փաշինյանը գլխավոր կետերին անդրադարձավ, այն բովանդակությունը, որ ուզում էր փոխանցել, փոխանցեց։

«Պետք է ասվեր, բայց չասվեց». Շարմազանովը` Փաշինյան–Ալիև բանավեճի մասին

Համենայնդեպս, Ռուբինյանը չի կարծում, որ այս ֆորմատով շփումը բանակցությունների վրա դարակազմիկ ազդեցություն կունենա, թեպետ այն, որ բանակցության բովանդակությունը հրապարակային էր, դրական և ձեռնտու է մեզ։  «Բանակցությունները տարիներ շարունակ փակ են եղել, հիմա բաց են` բոլորի աչքի առաջ։ Կարծում եմ` դա դրական է։ Վարչապետը մի անգամ ասել է, որ հակամարտության լուծումը չի կարող միայն առաջնորդների միջև լինել, խաղաղության հասնում են հասարակությունները»,–հիշեց նա։

Ռուբինյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ևս դրական կարձագանքեն առանց իրենց, բաց ձևաչափով այս քննարկմանը։