ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում մանկապարտեզ ընդունելու տարիքային շեմն իջեցվում է։ Այսուհետ մանկապարտեզները պետք է ընդունեն ոչ թե 2–6, այլ 0-6 տարեկան երեխաներին։ Նման կետ է ամրագրված Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության մշակած «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու նախագծում։ Սոցցանցերում նախագիծը բավականին շատ է քննարկվում, քանի որ շատերին է հետաքրքրել, սակայն ծնողների մոտ մի շարք հարցեր են առաջացել` վճարովի՞ ծառայություն է լինելու, մանկապարտեզներն ունե՞ն համապատասխան պայմաններ, ապահովվա՞ծ են մասնագետներով։ Sputnik Արմենիան զրուցել է ոլորտի մասնագետների հետ` փորձելով ստանալ նշված հարցերի պատասխանները։
Վճարովի՞ է լինելու 0-2 տարեկան երեխաների մանկապարտեզ «հաճախելը». ո՞վ է վճարելու
Նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը հայտնում է` 0-2 տարեկանների ընդգրկումը մանկապարտեզներում վճարովի է լինելու, սակայն ողջ բեռը ծնողների վրա չի ընկնելու։
«Մանկապարտեզներում 0-2 տարեկաններին ընդգրկելու համար կվճարի ինչպես կառավարությունը, համայնքը կամ Երևանի քաղաքապետարանը, այնպես էլ ծնողները։ Գումարի չափը կորոշվի` սննդի, մասնագետների հարցը հաշվի առնելով։ Սակայն ծնողներից պահանջվող գումարը շատ չի լինելու»,– նշեց Մակյանը։
Հարցին, թե հնարավո՞ր է նոր մանկապարտեզներ կամ նոր մասնաշենքեր կառուցվեն, քանի որ գաղտնիք չէ` մի շարք մանկապարտեզների շենքային պայմանները չեն բավարարում անգամ ներկայիս հերթագրվածների համար, ավելին` որոշ համայնքներում առհասարակ չկան մանկապարտեզներ, Մակյանը պատասխանեց, որ նպատակին հասնելու միջոցները տարբեր են լինելու։ Դրանք ենթադրում են ոչ միայն նոր մանկապարտեզների կառուցում, այլ նաև որոշակի տարածքի վերանորոգում և հիմնանորոգում, որոնք էլ կարող են ծառայել փոքրիկների խմբերին։
Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը Երևանում 20% կբարձրանա. Մարության
«Այս նախագծի հիմնական նպատակն աշխատող մայրերին շուտ աշխատանքի վերադառնալու հնարավորություն տալն է։ Սա կբերի նաև զբաղվածության ընդլայնման»,–ասաց Մակյանը։
Երևանյան մանկապարտեզները պատրա՞ստ են 0-2 տարեկաններին ընդունել. ի՞նչ են անելու մանկապարտեզ չունեցող համայնքները
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանն անկեղծորեն ասաց` այս պահին երևանյան մանկապարտեզները դեռ պատրաստ չեն 0-2 տարեկաններին ընդունել։ Նրա խոսքով` այժմ մանկապարտեզները կարող են ընդունել 2 և ավելի բարձր տարիքի երեխաներին, այն էլ` ոչ բոլոր ցանկացողներին։
«Մի քանի ամսական երեխաներին ընդունելն արդեն իսկ խնդիր է, քանի որ մանկապարտեզները համապատասխանեցնելու հարց կա։ Քաղաքապետարանն ունի ծրագրեր, ըստ որոնց` վերանորոգելու ենք մի շարք մանկապարտեզներ` հաշվի առնելով, որ 0-2 տարիքային խմբի երեխաներ էլ են ընդգրկվելու այդտեղ։ Սակայն սա դեռ նախագծվում է»,–ասաց Ստեփանյանը։
Երևանցիները բողոքում են` մանկապարտեզը գործում է հոգեբուժարանի շենքի առաջին հարկում
Նրա խոսքով` օրենքը կյանքի կոչելուց հետո մասնագետների պակաս էլ կառաջանա, քանի որ եթե այսօր մի խմբի հետ աշխատում են մեկ դաստիարակն ու մեկ դայակը, փոքրիկների խմբում այդքանով սահմանափակվել չեն կարող։ Բացի այդ, կարևոր է համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովել, նաև այդ երեխաների համար նախատեսված սննդի հարցը հաշվի առնել։ Ստեփանյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս բոլոր խնդիրները լուծելը ժամանակի հարց է։
Արմավիրի մարզի Խանջյան համայնքում մանկապարտեզի շենք կա, սակայն այն 1990–ականներին է որպես մանկապարտեզ ծառայել։ Շենքն այժմ վթարային է։ «Համայնքում մանկապարտեզ հաճախելու տարիքի շուրջ 70 երեխա ունենք, սակայն մանկապարտեզը չի գործում։ Վատ միտք չէ, որ մանկապարտեզ հաճախելու տարիքային շեմն իջեցվել է»,–ասաց Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը` հավելելով, որ տարբեր միջոցներով փորձում են լուծել խնդիրը։
Երեխաների համար արդյո՞ք սթրես է այդ տարիքում մորից բաժանվելը
Հոգեբան Սամվել Խուդոյանը կարծում է` մի քանի ամսական երեխաներին մանկապարտեզ տանելու դեպքում նրանց համար կարող է սթրես լինել սնվելու հարցը։ Երեխաներ կան` մինչև մեկ տարեկանը միայն կրծքով են կերակրվում, և մանկապարտեզներում նրանց մնալը կարող է խնդիր դառնալ։
«Մյուս կողմից, երեխան մորը սկսում է ճանաչել մինչև 2 ամսականը, այսինքն` դրանից հետո նրա բաժանումը մորից չի կարող սթրես դառնալ երեխայի համար կամ ազդել մոր հետ հետագա շփման վրա։ Ավելին, մեծ տարիքում երեխան ավելի ծանր է տանում ծնողից բաժանվելը, քան մի քանի ամսական եղած շրջանում։ Մինչև մեկ տարեկան երեխան կարող է շփվել ցանկացած մեկի հետ»,–ասաց Խուդոյանը։
Հոգեբանը կարծում է, որ վաղ տարիքից մանկապարտեզ տանելը կնպաստի որպես անհատ ավելի շուտ ձևավորվելուն։
Աշխատող մայրերը «մաղարիչ» ունեն
Օրենքի նախագիծն աշխատող մայրերի սրտով է, ավելին` 34–ամյա Գայանե Մելքումյանը ծիծաղով նշում է` «մաղարիչ» է անելու նախարարությանը։ Գայանեի երեխան 4 ամսական է, և նա արդեն վերադարձել է աշխատանքի, իսկ երեխային դայակն է խնամում։ «Եթե անգամ 1 տարի հետո մանկապարտեզները պատրաստ լինեն դրան, երեխայիս անպայման կտանեմ։ Վստահ եմ` մանկապարտեզի դեպքում վարձը չի լինելու այնքան, որքան վճարում եմ դայակին»,–ասաց Գայանեն` հավելելով, որ երեխան դայակի մոտ մնում է սիրով, որևէ խնդիր դեռ չի առաջացել։
Ուշագրավ է այն հանգամանքը, որ միջին տարիքի կանայք այնքան էլ չեն ողջունում այս գաղափարը` ասելով, որ մի քանի ամսական երեխային մանկապարտեզ տանելը կարող է երեխայի և մոր հարաբերությունների սառեցմանը տանել։ 49–ամյա Սուսաննա Նազարյանի խոսքով` ինքն իր երեք երեխաներին 1 տարեկանից հետո է թողել տատիկների մոտ ու աշխատել։ «Երեխաներն ամենաշատը մինչև 1 տարեկանն են ունենում մոր կարիքը։ Ես ինքս էլ մասնագիտությամբ մանկավարժ եմ, շատ եմ շփվում երեխաների հետ ու տարեցտարի ավելի եմ համոզվում իմ դիրքորոշման մեջ»,–ասաց տիկին Սուսաննան։
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքն Ազգային ժողովն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունել է։ Հնչած առաջարկներն ամփոփելով` այն շուտով երկրորդ ընթերցման կներկայացնեն։
Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ այսօր գործում է 161 մանկապարտեզ։ Երևանի մանկապարտեզներ են հաճախում 30 507 երեխա։ Այժմ մանկապարտեզներում հերթագրված իրենց հերթին են սպասում 7479 երեխա։
ՅՈՒՆԻՍԵՖ–ի վերջին (11-ը ապրիլի, 2019թ.) ամփոփ տվյալների համաձայն` Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում։