Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու համար 14 թեկնածու է գրանցվել

Հայտնի է, թե ովքեր են մարտի 31–ին կայանալիք ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik.Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է` Արցախի նախագահի ընտրությանը մասնակցելու համար 14 թեկնածու է գրանցվել։ Փաստաթղթերի գրանցման վերջնաժամկետն ավարտվել է։

Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը

«Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն»,– նշված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Այսպիսով, նախագահական ընտրություններին մասնակցելու համար «Անկախության Սերունդ» կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, «Արդարություն» կուսակցությունը` Վիտալի Բալասանյանինը, Արցախի Պահպանողական կուսակցությունը` Դավիթ Բաբայանի թեկնածությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` Դավիթ Իշխանյանինը, Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը` Աշոտ Ղուլյանինը, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը` Հայկ Խանումյանին, «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը` Արայիկ Հարությունյանինը, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը` Վահան Բադասյանինը, ինքնաառաջադրվել են Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Բելա Լալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը։

Թեկնածուների ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալ փետրվարի 18-ին ԿԸՀ կայքում:

Թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ին, ժամը 18:00-ն:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31–ին։

Բաբայան. «Այնպես ենք անելու, որ ցանկացած ընտրությունից Արցախի հասարակությունը շահի»