ՌԱԴԻՈ

Երիցյան. «Համայնքների խոշորացումը շատ սխալ է կիրառվել»

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է համայնքների խոշորացման գործընթացի առանձնահատկություններին։
Sputnik
Երիցյան. «Համայնքների խոշորացումը շատ սխալ է կիրառվել»

Էմին Երիցյանը նշում է` համայնքների խոշորացումը բազմաշերտ գործընթաց է, բայց այդ հարցին մակերեսային մոտեցում է ցուցաբերվել։ Ըստ նրա` Հայաստանն իրականում վարչատարածքային լուրջ բարեփոխումների կարիք ունի։ Խոշորացում տերմինը շատ սխալ է կիրառվել, տարիների ընթացքում քննարկումները նեղացրել են տեսլականը։

«Խելացի անասնատուն» անվանումն աբսուրդ է և զավեշտի է հասցնում գաղափարը. Հովհաննիսյան

«Խոշորացումը կամ համայնքների միաձուլումը գործիք է, խոշորացման միջոցով վարչատարածքային փոփոխություն անելը սխալ տերմինաբանություն է։ Եթե կոնցեպտուալ չենք քննարկում Հայաստանի վարչատարածքային պատկերը, թե ինչ ենք ուզում կամ ինչի համար ենք ուզում, քննարկումը դառնում է մակերեսային»,–նշում է Հայաստանի համայնքների միության նախագահը։

Երիցյանի կարծիքով` վարչատարածքային փոփոխությունները կամ խոշորացումը միշտ արել են` ելնելով կառավարման նպատակահարմարությունից։ Միասնական կոնցեպցիան չպետք է վերաբերի միայն համայնքներին։ Ըստ նրա` գուցե ճիշտ կլիներ կենտրոնանալ մարզային կառավարումն ամրագրելու վրա` հասկանալու համար, թե որն է դրա ապագան, և հետո միայն անդրադառնալ տեղական մակարդակին։

«Մենք դեռևս 1997թ.–ից ենք խոսում վարչատարածքային փոփոխությունների մասին, որովհետև այն լիազորությունները, որոնք պետության ձեռքին են, պետք է տա համայնքներին։ Բայց եթե խոշորացման արդյունքում ընդամենը մի քանի համայնքների ռեսուրսներ միացնում ենք իրար, ապա սա փոքր արդյունք է, ծագում են լրացուցիչ խնդիրներ։ Այսինքն` առանց ամբողջական տեսլականի ու կոնցեպտի մոտեցումները մնում են լոկ քաղաքական»,–նշում է նա։

Երիցյանի խոսքով` միասնական ավագանու սուբյեկտիվ քաղաքականության հույսին է մնում այն, թե ընդհանուր ռեսուրսից համայնքներն ինչ օգուտ կստանան։ Ըստ նրա` վարչատարածքային փոփոխությունը կարող է արդարացված լինել այն դեպքում, եթե դա բերում է հավելյալ արդյունքների, ռեսուրսների ու լիազորությունների ապակենտրոնացման, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

Ավտոբուսները կհասնեն մինչև Հայաստանի ամենահեռավոր գյուղեր. նախարար