Ինչի՞ հաշվին է ձուն վաճառվում «ջրի գնով»

Մինչ գնորդներն ապշած տնտղում են աննախադեպ էժան գնով ձվերի ժամկետները, ձու արտադրող ընկերությունները մտավախություն ունեն, որ կարող են սննկացման եզրին հայտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. Ձվի շուկայում մի իրավիճակ է ստեղծվել, որից գնորդներն ապշած են, ձու արտադրողները` մտահոգ, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն փորձում է «մեղավորներին» գտնել։ Ձվի գինն աննախադեպ նվազել է. սուպերմարկետներում կարելի է 25-29 դրամով էլ ձու գտնել։

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ձվի գնի նվազումը մի քանի պատճառներ ունի, որոնցից մեկը գերարտադրությունն է։

«Ոլորտում ավելացել է արտադրողների թվաքանակը` մասնագիտացված տնտեսություններից երկուսը, որ սննկացման էին գնացել, այժմ նոր սեփականատերերի միջոցով սկսել են աշխատել։ Բացի այդ, ֆերմերային տնտեսությունների թիվն է երեք անգամով ավելացել, և, բնականաբար, նախկին օրական 200 արկղ ձվի փոխարեն հիմա 800 արկղ ձու են արտադրում»,–ասաց Ստեփանյանը։

Թռչնաբույծների միության նախագահը հայտնում է` վերջին 4-5 տարիներին ոլորտում դինամիկ աճ է գրանցվել, ինչը հիմք էր, որ նախորդ տարի գյուղատնտեսական վարկ վերցնողները թռչնաբուծական ֆաբրիկա հիմնեն։

Ո՞ւր է գնում ՀՀ տնտեսությունը. տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը գնաճ ու թանկացում է կանխատեսում

Աննախադեպ գնանկում շուկայում. ինչո՞ւ են ձուն 20-25 դրամով վաճառում

Այս ամենին զուգահեռ, նախորդ տարի ձվի գինը 2018–ի համեմատ 9.6 դրամով նվազել էր։ Միաժամանակ, փոքր ընկերությունները չունեն ձվի` մինչև 90 օր պահպանման համապատասխան պայմաններ, ուստի նախընտրել են գինը նվազեցնել։

«Նման դեպքում խնդիրը կկարգավորվեր, եթե ձվի փոշու և հեղուկ ձվի արտադրություն ունենայինք։ Իսկ եթե կարողանայինք արտահանել, շատ ավելի լավ կլիներ»,–ասաց Ստեփանյանը։

Ի դեպ, Ստեփանյանը հայտնեց, որ հավի մսի գինը նույնպես 20-30 դրամով նվազել է։ Նա խորհուրդ տվեց «չվախենալ» ձվի գնից ու գնել, քանի որ պահպանման ժամկետներն անպայմանորեն ստուգվում են։

«Մասիս» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Աշոտ Մաթևոսյանն էլ հայտնեց` 10 տարի շարունակ ընկերությունն անփոփոխ քանակությամբ ձու է արտադրում։

«Թռչնաբուծական ոլորտում արտադրողների աճ կա, ինչի պատճառով էլ գերարտադրություն ունենք։ Ինչ վերաբերում է գնանկմանը, ապա այն բոլորի աշխատանքներին է խանգարում` ապրանքն ինքնարժեքից ցածր գնով ենք վաճառում»,–ասաց թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրենը։

Նա ասաց նաև, որ ստեղծված իրավիճակից ելք չի տեսնում, անորոշ վիճակ է։ Ավելին, եթե որևէ կերպ չկարգավորվի շուկայում ստեղծված իրավիճակը, ապա որոշ ընկերություններ ուղղակի սննկացման կգնան։

Սխալները չեն կրկնվի, Ամանորին հավկիթ ու միս կհասնի բոլորին. Հայաստանի գլխավոր թռչնաբույծ

«Արզնի» թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Վահե Փանոսյանը նույնպես վստահեցրեց` առհասարակ շուկայում կա ձվի գերարտադրություն, սակայն իրենց ընկերությունում արտադրական ցուցանիշները նույնն են, ինչ նախորդ տարիներին։ Խոսելով գնանկման մասին` Փանոսյանը նշեց, որ չնայած ձվի ներկայիս շուկայական արժեքը ձեռնտու չէ իրենց, սակայն քանի որ բոլորը նվազեցրել են արժեքը, իրենց մոտ էլ գնանկում կա։

Գները կաճեն, բայց ոչ շատ արագ. Կենտրոնական բանկը ցածր գնաճ է կանխատեսում

Սուպերմարկետներում, ինչպես հայտնեցինք, ձվի գինը սկսում է 25 դրամից. գնումներ կատարողները, սակայն, վարանում են այդ գնով ձու գնել և բավական երկար տնտղում են պահպանման ժամկետները։ Խանութների աշխատակիցները վստահեցնում են` ժամկետի խնդիր չկա, բայց բացատրել, թե ինչն է գնի նման անկման պատճառը, չեն կարողանում։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստից հետո ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ձվի շուկայում ուսումնասիրություններ են իրականացնում։