ՌԱԴԻՈ

«Հայաստանի պարագայում գազի գնագոյացումն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ». Մարջանյան

Էներգետիկ հարցերով փորձագետ Արա Մարջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է գազի համաշխարհային շուկայում առկա գնագոյացման խնդիրներին, շուկայում տեղի ունեցող գործընթացներին և դրանց ազդեցությանը Հայաստանի հանրապետության տնտեսության վրա։
Sputnik
«Հայաստանի պարագայում գազի գնագոյացումն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ». Մարջանյան

Տեղեկատվության համաձայն` գազի համաշխարհային շուկայում իրավիճակն, առանց չափազանցության, աննախադեպ է։ Ասիայում երբեք չեն եղել հեղուկ գազի նման սպոտային գներ. գնանշումները հասել են հոգեբանորեն կարևոր սահմանի` 3 դոլար մեկ միլիոն բրիտանական ջերմային միավորի (British thermal unit կամ BTU) համար, ինչը համապատասխանում է 1000 խորանարդ մետրի համար 105 դոլարին։ Եվրոպայում բորսային գներն ավելի ցածր են` 95 դոլարի մակարդակում։

Արա Մարջանյանի դիտարկմամբ` գազի շուկան զգալիորեն տարբերվում է նավթի շուկայից, եթե չհաշվենք հեղուկ գազը։ Ըստ նրա` գազի շուկայում գնագոյացման պարագայում էական նշանակություն ունեն կոնկրետ մատակարարման սխեմաները և երկրների միջև կնքված պայմանագրերի բնույթը։

Գազի մատակարարումը Թուրքմենստանից Հայաստան. Աշխաբադը փող կստանա, իսկ Իրանը «ծիկ կանի»

«Օրինակ` եթե Լիբիան կամ Մարոկկոն Իտալիային գազ են մատակարարում, դա պայմանագրերի այլ փաթեթ է, ՌԴ–ն Գերմանիային իր հերթին երկարաժամկետ մատակարարում է գազ, ինչը գնագոյացման բոլորովին այլ մեխանիզմներ է ենթադրում, որտեղ գործում են ուրիշ պարամետրեր»,– նշում է փորձագետը։

Արա Մարջանյանի կարծիքով` նույն իրավիճակն է նաև Հայաստանի պարագայում, որովհետև մեր երկիրն ունի համաձայնագրեր «Գազպրոմի» հետ, որոնք էլ սահմանում են գազի թե՛ գնագոյացման մեխանիզմները, թե՛ գործունեության ժամկետները։ Այդուհանդերձ պետք է արձանագրել, որ գազը նավթի շուկայից շատ է տարբերվու:, հետևաբար գազի համընդհանուր շուկայական գների մասին խոսակցություններն, ըստ փորձագետի, տեղին չեն, քանի որ գազի գնագոյացումն արտահայտվում է բավականին խճողված և բարդ մեխանիզմով։     

«Գազային արմագեդոն». ի՞նչ է կատարվում համաշխարհային շուկայում

«Հայաստանի և այլ երկրների պարագայում, որոնք գազ սպառող պետություններ են, գազի գնագոյացումն ունի աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչպես նաև երկարաժամկետ տնտեսական և քաղաքական հարաբերությունների չափողականություն։ Եթե գազը ստանում ենք ռազմավարական դաշնակցից, ապա գնագոյացման մեջ աշխարհաքաղաքական գործոնն անպայման ներկա է լինում»,– նշում է փորձագետը։ 

Արա Մարջանյանի կարծիքով` գազի գնագոյացումը երբեմն կապված է լինում նաև էներգակիրների համաշխարհային ասպարեզում պարադիգմալ փոփոխությունների և մեծ խմբերի միջև պայքարի հետ, օրինակ` ածուխն ընդդեմ գազի, միջուկային էներգիան ընդդեմ նավթի։ ԵՄ շատ երկրներ հրաժարվել են միջուկային էներգիայի բաղադրիչից և ստիպված են դա փոխարինել գազով կամ էլեկտրաէներգիայի ներկրումով, հետևաբար այս պարագայում պետություններն իրարից կախման մեջ են ընկնում։ Շուկայում տարբեր խմբերի մրցակցային պայքարի հետևանքով գազի գինը մոտենում է օպերացիոն շեմին։