ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց` Չինաստանում բռնկած կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը թույլ ազդեցություն ունի Հայաստանի տնտեսության վրա։
Չինաստանում տրանսպորտային սահմանափակումներն ու արդյունաբերական արտադրության անկումը կարող են ազդել պղնձի գների վրա (Հայաստանից մեծ քանակությամբ պղնձի խտանյութ է արտահանվում)։
Shanghai Metals Market վերլուծական ընկերության տվյալներով` Չինաստանում պղնձի պահանջարկը նվազում է, իսկ պահեստավորված ծավալները` աճում (հունվարին աճել է 8,6%–ով)։ Վերջին ամսվա ընթացքում պղնձի համաշխարհային գները նվազել են 12%–ով, ինչը կարող է անդրադառնալ Հայաստանի արտահանման հասույթի վրա։
Ինչ գիտեն քաղաքացիները կորոնավիրուսի մասին. տեսանյութ
Տնտեսական անկման դեպքում տնտեսությունը նաև ավելի քիչ նավթ կսպառի։ Հայաստանի վրա այդ գործոնի ազդեցությունը համեմատաբար թույլ է. հավանաբար միայն նավթամթերքը փոքր–ինչ էժան կմատակարարվի հանրապետություն։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանում մեքենաների մեծ մասը բնական գազով են շահագործվում։
Անուղղակի ազդեցություն կարող է զգացվել, եթե նավթի գները շատ նվազեն։ Այդ դեպքում կբարդանա Ռուսաստանի տնտեսության իրավիճակը, ինչը կարող է ազդել աշխատանքային միգրանտների եկամուտների վրա։
Եվս մեկ գործոն են Չինաստանից ժամանող զբոսաշրջիկները։ Սակայն ի տարբերություն մի շարք այլ երկրների, Հայաստանում նրանց թիվն այդքան էլ մեծ չէ։
2019 թվականի հունվար–սեպտեմբերին (վերջին տվյալներ) Չինաստանից Հայաստան է այցելել շուրջ 116 հազար զբոսաշրջիկ (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 0,8%–ը)։
«Այսպիսով, մեր տնտեսությունն իր վրա մեծ ազդեցություն կրել չի կարող», – նշեց նախարարը։
Նշենք, որ Bloomberg–ը Չինաստանի տնտեսական աճի կանխատեսումը 2020 թվականի համար նվազեցրել է 6–ից մինչև 4.5%։
Ջեքի Չանը մեկ միլիոն յուան է խոստացել կորոնավիրուսի դեմ դեղ ստեղծողին