Կառավարությունը ՀՀԿ–ին և ՀՅԴ–ին մոտ 5 մլն-ական դրամ գումար կտա

ՀՀ կառավարության վաղվա նիստում կքննարկվի ՀՀԿ–ին ավելի քան 5 մլն դրամի աջակցություն տրամադրելու հարցը։ Բայց ամենամեծ աջակցությունը կստանա «Իմ քայլը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կառավարությունից 5 208 500 դրամի աջակցություն կստանա։ Նախկին իշխանական կուսակցությանը պետական բյուջեից գումար հատկացնելու որոշման նախագիծը կքննարկվի կառավարության վաղվա նիստում։

Սահմանադրական դատարանը մեկուսացնելու և զավթելու փորձ. ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել

Նման որոշման հիմքում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքն է, որի համաձայն` վարչապետի աշխատակազմը 2018թ-ի խորհրդարանական ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին պետք է աջակցություն ցույց տա։ Իսկ ՀՀԿ–ն այդ ընտրություններում 4.7 % ձայն է ստացել։

Կառավարության աջակցությունից արտախորհրդարանական կուսակցություններից կօգտվի նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Իր հավաքած 3.88% ձայների դիմաց ՀՅԴ–ն կստանա 4 303 400 դրամ։

2018թ.-ի արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից ամենափոքր աջակցությունը կստանա «Լուսավոր Հայաստանը»` 7 056 700 դրամ`6.37%–ի համար։ 8.26% հավաքած «Բարգավաճ Հայաստանը » կառավարությունից կստանա 9 150 700 դրամ։

«Սթափվեք և մնացեք զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում». ՀՅԴ կոչը Փաշինյանին

Դե իսկ ամենամեծ աջակցությունը կստանա «Իմ քայլը» դաշինքը` 78 006 300 դրամ։ Այս քաղաքական ուժն ընտրություններում ստացել էր ընտրողների ձայների 70.42%–ը։

Նշենք, որ նախագիծը մշակել ու կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Որոշման նախագծի համաձայն` գումարը նախատեսված է կուսակցությունների 2019թ.-ի գործունեությանն աջակցելուն։

Քոչարյանի, ՀՀԿ–ի կողմից լինելը «նորաձև չէ». Վանեցյանին կհաջողվի՞ համախմբել ընդդիմությանը

Որոշման նախագիծը կառավարության նիստի օրակարգում ներառված է չզեկուցվող հարցերի շարքում։