Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը

Քաղաքագետի խոսքով` Հայաստանում ներքաղաքական առճակատումները կազդեն նաև Արցախի ընտրական գործընթացների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան.Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանին սատարելու որոշումը փորձագետների մոտ որոշակի զարմանք է առաջացրել։ Բաբայանը չի կարողացել առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու բնակության պահանջվող ցենզի բացակայության պատճառով` վերջին 10 տարվա ընթացքում նա մշտապես Արցախում չի բնակվել։ Արդյունքում ինքը և իր գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը փետրվարի 11-ին որոշել են աջակցել Արցախի արտաքին գերատեսչության ներկայիս ղեկավարի թեկնածությանը։

Մնացականյանը պատասխանել է Մամեդյարովի` միջուկային անվտանգության մասին մեղադրանքին

«Անկեղծ ասած, ես նման շրջադարձի չէի սպասում, սակայն մյուս կողմից, քանի որ գեներալ Բաբայանը չէր կարող մասնակցել ընտրապայքարին, պետք է իր ընտրությունն աներ և սատարեր գրանցված թեկնածուներից մեկին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

Նա ենթադրում է, որ խորհրդարանական ընտրություններին Բաբայանի կուսակցությունը կկարողանա մասնակցել և այդ ժամանակ, եթե նախագահական մրցապայքարում հաղթի նրա կողմից աջակցվող թեկնածուն, ապա խորհրդարանում տեղ ստանալով, Բաբայանը կարող է ծանրակշիռ մասնակցության հավակնել նաև կառավարության ձևավորման ժամանակ։

Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել

Արժե նշել, որ Բաբայանին սատարում են, այսպես ասած, ավելի հասարակ մարդիկ, իսկ Մայիլյանի ընտրազանգվածը գերազանցապես բաղկացած է մտավորականությունից։ Եվ հարց է`արդյոք գեներալի աջակցությունը կամրապնդի Մայիլյանի դիրքերը։

Մելիքյանի կարծիքով` շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կկազմակերպվի ինչպես Մասիս Մայիլյանի, այնպես էլ Սամվել Բաբայանի նախընտրական քարոզարշավը։

«Նրանց դաշինքը դեռ պետք է ձևավորվի և ապացուցի իր կենսունակությունն Արցախի կոշտ նախընտրական իրողության մեջ», – հավելեց մեր զրուցակիցը։

Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Արցախում նախընտրական իրավիճակի վրա զգալի հետք է թողնում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը։ Նա մտավախություն ունի, որ ՀՀ գործող իշխանության և նախորդների միջև լեզվակռիվն առաջիկա երկու ամսվա ընթացքում ազդեցություն կունենա նաև արցախյան գործընթացների վրա։

Բաբայան. «Այնպես ենք անելու, որ ցանկացած ընտրությունից Արցախի հասարակությունը շահի»

«Ինձ թվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան իրենց նախընտրած թեկնածուի մասին ցանկացած հրապարակային հայտարարությունից. որևէ թեկնածու չպետք է առանձնացվի։ Այլ հարց է, որ Երևանում կարող են նշել այն բնութագրերը, որոնք նրանք կցանկանային տեսնել Արցախի ապագա նախագահի մոտ», – նշեց Մելիքյանը։

Քաղաքագետի խոսքով` Երևանում կգերադասեին, որ նոր նախագահը որևէ կերպ փոխկապակցված չլիներ նախորդ վարչակազմերի հետ և իր հետևից մութ գործարքների հետքը քարշ չտար։

Արցախի ռեստորաններից մեկում Փաշինյանին ՀԴՄ չեն տվել. «Կտրոն չխփողը գողանում է զինվորից»

Նշենք, որ նախագահական և միաժամանակ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին։ Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 15-ն է։ Մայիլյանից բացի, իրենց թեկնածություններն են առաջադրել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյաը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայաննը ու ևս 3 մարդ։