ՌԱԴԻՈ

Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի համար գտել է շահագրգռելու տարբերակը»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապրիլի 5-ին նախատեսված հանրաքվեին, դրա նախապատրաստական աշխատանքներին ու քարոզչական առանձնահատկություններին։
Sputnik
Քոչարյան. «Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի համար գտել է շահագրգռելու տարբերակը»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով` 1995թ.–ից ի վեր, երբ անցկացվեց առաջին հանրաքվեն, բոլորն էլ ականատես են եղել, որ այն համաժողովրդական ընտրական գործընթաց է, որն ամենաքիչ մասնակցությունն է ունենում, քանի որ Ազգային ժողովի և նախագահի ընտրություններին հետաքրքրությունը միշտ անհամեմատ մեծ է լինում:

Հանրաքվեն, ժամկետանց վարկերն ու վիրուսի դեմ դիմակները. մեր ռադիոեթերը` տեսահեռարձակմամբ

«Այլ խնդիր է, որ արդյունքները բոլոր ժամանակներում նկարվել են` թե՛ Տեր–Պետրոսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։ Իրական մասնակցությունն ավելի քիչ է եղել»,– ասաց քաղտեխնոլոգը։

Նրա խոսքով` եթե հանրաքվեն անցկացվեր 2018թ–ի ամռանը կամ թեկուզ աշնանն ու ձմռանը, երբ կար էյֆորիա և մարդիկ Փաշինյանի ամեն խոսքից ոգևորված պատրաստ էին յուրաքանչյուր քայլի, հաջողությունն էլ մեծ կլիներ, իսկ հիմա այդպես չէ, ապացույցը` կառավարության դիմաց տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչների գրեթե ամենօրյա բողոքի ակցիաներն են։

Խաչատրյան. «Երբ կա ընդամենը «այո»–ի և «ոչ»–ի խնդիր, մարդիկ ավելի քիչ են գնում ընտրության»

«Մարդկանց առաջնային խնդիրը ՍԴ–ն չէ։ Եթե անկեղծ լինենք, ապա շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ ֆունկցիաներ ունի ՍԴ–ն կամ ինչի համար է Սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը «Այո»–ի համար գտել է շահագրգռելու տարբերակը` օգտագործելով «եթե չեք ուզում, որ նախկինները» գան բանաձևը, իսկ թե դա ինչպես կաշխատի այս անգամ, ցույց կտա ժամանակը։

Եթե «Ոչ»–ի կողմանկիցները լինեն նախկին իշխանության ներկայացուցիչները, ապա նրանց հաջողությունը կհասնի նվազագույնի, իսկ եթե «Ոչ»–ի կողմնակիցները լինեն նոր քաղաքական ուժերը, ապա հնարավորություններն այլ կլինեն»,– նշեց Քոչարյանը։

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

Քաղտեխնոլոգի դիտարկմամբ` այս անգամ կարող է հաղթել ոչ «Այո»–ն, ոչ էլ «Ոչ»–ը, այլ բոյկոտը։ Ըստ նրա` միևնույն է, ամենաշատը ընտրատեղամասեր չգնացողներն են լինելու, իսկ թե ով կշահի դրանից, պարզ կլինի հետագա զարգացումներից։