Խալաթներ, դիմակներ, բախիլներ. Գյումրին կօգնի Չինաստանի իր քույր քաղաքին

Մարդասիրական օգնության համար պահանջվող գումարը ընդհանուր 2 մլն դրամ է, որի մեջ մտնում են ինչպես պարագաների գնման, այնպես էլ փոստային ծառայության և տրասնպորտային անհրաժեշտ ծախսերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Առաջիկա օրերի ընթացքում Գյումրիից Չինաստանի Սիան քաղաք կուղարկվեն բժշկական պարագաներով արկղեր՝ ավելի քան 1 մլն 480 հազար դրամ արժողությամբ: Մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին որոշումը Գյումրու ավագանին այսօր ընդունեց միաձայն:

Հայաստանը քեզ հետ է, Չինաստա՛ն. գոտեպնդող տեսանյութ կորոնավիրուսի դեմ պայքարողների համար

Մարդասիրական օգնության համար պահանջվող գումարը ընդհանուր 2 մլն դրամ է, որի մեջ մտնում են ինչպես պարագաների գնման, այնպես էլ փոստային ծառայության և տրանսպորտային անհրաժեշտ ծախսերը:

Նշենք, որ Գյումրու և Սիանի՝ քույր քաղաքներ լինելու մասին հուշագիրը ստորագրվել է 2015 թվականին:

Պարագաները գնվել են հաշվի առնելով Սիանի քաղաքապետարանից ստացված նամակը: Նախատեսված գումարի շրջանակներում ձեռք են բերվել մեկանգամյա օգտագործման խալաթներ, դիմակներ, բախիլներ և ձեռնոցներ: Ծանրոցների մոտավոր քաշը 320 կգ է: Դրանք Սիան կհասնեն 4-5 օրվա ընթացքում:

Խալաթներ, դիմակներ, բախիլներ. Գյումրին կօգնի Չինաստանի իր քույր քաղաքին

«Այս պահին այդ պարագները փաթեթավորվում են, որից հետո կտեղափոխվեն փոստային ծառայություն իրականացնող ընկերություն, որպեսզի ուղարկվեն Չինաստան»,-ներկայացնելով աշխատանքները` ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Չինացի բժիշկների դեմքերը վնասվել են դիմակներից. լուսանկարներ

Քաղաքապետը հիշեց, որ 88-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ ամբողջ աշխարհն աջակցեց մեզ: «Մարդիկ իրենք են դիմել մեզ օգնության խնդրանքով»,-հավելեց նա: Քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանն էլ նշեց, որ առաջին անգամ է, որ իրենք սկսել են աշխատանքները՝  չսպասելով ավագանու հաստատմանը՝ վստահ լինելով, որ ոչ մեկը դեմ չի քվեարկի այս որոշմանը:

Խալաթներ, դիմակներ, բախիլներ. Գյումրին կօգնի Չինաստանի իր քույր քաղաքին

Հավելենք, որ բացի համայնքային բյուջեից հատկացված գումարներով ձեռք բերված պարագաներից, Գյումրիում դեղատներից մեկի պատասխանատուն իր կողմից անվճար տրամադրել է ևս 6000 դիմակ:

Նշենք, որ ՉԺՀ առողջապահության պետական կոմիտեի փետրվարի 11–ի տվյալներով` կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 1016-ի։ Չինաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվն արդեն 42 638 է։ Վտանգավոր վարակից բուժվել է շուրջ 4 հազար քաղաքացի։