ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց` ապրիլի 5–ին կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի համար կծախսվի գրեթե այնքան գումար, որքան 2018թ. դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ։
«Ընտրությունների համար նախատեսվելիք գումարի համար հիմա հաշվարկ է իրականացվում։ Սակայն այս հանրաքվեի ծախսերը կլինեն այնքան, ինչքան նախորդ ընտրությունների ժամանակ. 2018-ի ընտրություններին 2.5-2.7 մլրդ դրամ էր ծախսվել»,–ասաց Մուկուչյանը։
Նրա խոսքով` տեղամասերի ավելացում նույնպես չի լինելու. 2018–ին 2010 ընտրատեղամաս է գործել։
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ, մյուս կողմից, նվազագույն աշխատավարձի որոշակի աճ է եղել այս ընթացքում, ինչը պետք է հաշվի առնել, այսինքն` հանձնաժողովներում ընդգրկված անդամների և տեխնիկական սարքավորումները սպասարկողների աշխատավարձերի բարձրացում կլինի։ Ուստի, հնարավոր է մի փոքր ավելի գումար ծախսվի, քան նախորդ ընտրություններին, սակայն տարբերությունն էական չի լինի։
Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։
Հայտնի են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամկետները. ԿԸՀ
ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։
Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։