Հաղթարշավը շարունակվում է. Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանն էլ հաղթեցին մրցակիցներին

Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի և Կարեն Ասլանյանի մրցակիցները գլխիկոր հեռացան մրցագորգից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթանակի հասավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Հավաքականի առաջատարի օրինակին հետևեց նաև Կարեն Ասլանյանը, որի գրոհների տարափին չդիմացավ սերբ Մատե Նեմեշը։ Գոտեմարտն ավարտվեց 10:1 հաշվով:

Գևորգ Ղարիբյանը ջախջախեց ադրբեջանցուն. տեսանյութ

Թուրք Չենկ Իլդեմին հաղթելուց հետո Ալեքսանյանը ևս մեկ գոտեմարտում ոչ մի շանս չտվեց մրցակցին: Բուլղարացի Կիրիլ Միլովը պարզապես անօգնական վիճակում էր հայ օլիմպիական չեմպիոնի հետ գոտեմարտում: Արթուրը կիսաեզրափակիչում մրցելու է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Կուսմանենի հետ:

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանն իր ելույթները սկսեց շվեդ Օսկար Էռլանդսոնի հետ գոտեմարտով: Հայ ըմբիշը դժվարին հաղթանակ տոնեց 3:1 հաշվով: 1/8 եզրափակիչում Ասլանյանը մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ: Հայ ըմբիշը երկու հրաշալի հնարքներով շատ գեղեցիկ հաղթանակ տարավ ընդամենը 50 վայրկյանում՝ 9:0: Քառորդ եզրափակիչում Ասլանյանի մրցակիցը սերբ Մատե Նեմեշն էր: Այս փուլում էլ Ասլանյանը իրեն փայլուն դրսևորեց ու, ժամանակից շուտ հաղթելով, դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս փուլում Ասլանյանի մրցակիցն է լինելու Ռուսաստանը ներկայացնող Նազիր Աբդուլաևը:

Այսպիսով, կիսաեզրափակիչ փուլում Հայաստանն այսօր կունենա երեք ներկայացուցիչ: Արթուր Ալեքսանյանից ու Կարեն Ասլանյանից առաջ կիսաեզրափակիչի ուղեգիր էր վաստակել նաև 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը:

Այսօր, բացի վերը նշած ըմբիշներից, գորգ դուրս եկան նաև 72 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, որոնք պարտվեցին իրենց գոտեմարտերում: