Ձեռնաշղթաների փոխարեն էլեկտրոնային ապարանջան․ ինչ կտա պրոբացիայի ծառայությունը

Հայաստանում պրոբացիայի համակարգը ներդրվել է 2016թ-ից, բայց շատ բան մինչև հիմա մնացել է թղթի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ պրոբացիայի ծառայությունը վերջնականապես ներդնելու համար Հայաստանում մոտակա երկու տարվա ընթացքում կանցկացվեն լուրջ բարեփոխումներ։

«Շարունակելով բարեփոխումները Հայաստանի քրեակատարողական համակարգում` մենք բարելավում ենք արդեն գործող պրոբացիայի ծառայությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ, այն կտևի մինչև 2022թ–ի մայիս», – հայտարարեց Գալյանը։

«Լուսավոր Հայաստանը» ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի` նախորդ իշխանության մերժած նախագիծը

Պրոբացիան համակարգ է, որը թույլ է տալիս դատապարտյալին խուսափել բանտարկությունից, բայց ոչ հանցագործության համար պատժից։ Այսինքն` գերբնակեցված բանտախցում նստելու փոխարեն նա կրում է էլեկտրոնային ապարանջան և կարող է տնից սովորել կամ աշխատել։ Նախատեսված են նաև այլ միջոցներ, օրինակ, հասարակական աշխատանքներ կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում։ Հայաստանում պրոբացիայի ծառայությունը ստեղծվել է 2016թ.-ի մայիսի 17–ին «Պրոբացիայի մասին» օրենքի ընդունումից հետո։ Սակայն շատ բաներ մինչև հիմա մնում են թղթի վրա։

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովանյի խոսքով` պրոբացիայի համակարգը լայնորեն ներդրված է եվրոպական երկրներում, դրա շնորհիվ նվազել է հանցավորության մակարդակը։

«Պրոբացիայի համակարգը կոչված է նվազեցնել բանտարկյալների թիվը և կրճատել կրկնահանցագործությունների քանակը։ Այս համակարգի զարգացումը հասարակության մեջ պետք է բարձրացնի անվտանգության մակարդակը», – հավելեց Վուտովան։

Ցմահ դատապարտվածներին վաղաժամ ազատելու մասով դրական առաջընթաց կա Հայաստանում. Իշխանյան

Եվրոպայի խորհուրդը 872 հազար եվրո է տրամադրել պրոբացիայի համակարգի զարգացման ծրագրին։ Ծրագրի շնորհիվ բանտարկյալները, որոնք հոգեկան կամ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ ունեն, պատիժը կկրեն ոչ թե բանտում, այլ տանը։

Նման դատապարտյալները գտնվում են մշտական հսկողության տակ, նրանց այցելում են պրոբացիայի մարմինների աշխատակիցները։ Բոլոր այդ աշխատողները, ինչպես նաև բանտային բժիշկները կանցնեն վերաորակավորում։ Կհատկացվեն նաև միջոցներ բանտային հիվանդանոցների զարգացման համար։

Արդեն այսօր Պրոբացիայի ծառայությունում հաշվառման մեջ գտնվող դատապարտյալների համար գործում է մշակութային–դաստիարակչական ծրագիր։ Օրինակ` նրանց համար ուղևորություններ են կազմակերպում դեպի տարբեր եկեղեցիներ։

ՔԿՀ-ներում աշխատավարձերը բարձրացրել են. նախարարը` թափուր հաստիքների մասին

Այսօր Պրոբիացիայի ծառայությունում հաշվառված է ավելի քան 3000 մարդ, յուրաքանչյուր աշխատակցին բաժին է ընկնում 120 դատապարտյալ, ինչը բարդացնում է հսկողությունը և ազդում կառույցի աշխատանքի արդյունավետության վրա։ Համեմատության համար նշենք, որ միջազգային փորձում նման կառույցի յուրաքանչյուր աշխատակցին բաժին է ընկնում առնվազն 50-70 մարդ։