«Չենք պատրաստվում դառնալ հակահերոս». Մարուքյանի կոչը` քաղաքական ուժերին

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարն ասաց, որ այս օրերին փորձ է արվում իրենց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանը դարձնել, բայց դա չի ստացվել ու չի ստացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների գնալու պրոցեսն իրավական «բեսպրեդելի» ճանապարհով է ընթանում։ Մարուքյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ապրիլի 5–ին կայանալիք հանրաքվեին։

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի որոշել` որ ճամբարում է լինելու` «այո»–ի, թե «ոչ»–ի

«Ստացվում է` ժողովրդին հանրաքվեի ենք ուղարկում Սահմանադրության մեկ հոդված փոխելու համար։ Այս օրերին փորձ է արվում մեզ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանը դարձնել, բայց դա չի ստացվել ու չի ստացվելու։ Մենք կարծում ենք, որ Թովմասյանը հեղափոխությունից հետո պետք է հրաժարական տար ու գնար. բարոյական իմաստով եմ ասում»,–ասաց Մարուքյանը։

Սակայն, նրա խոսքով, իրավական առումով այս պրոցեսը Թովմասյանի հրաժարականը խոցելու տեղ չունի, ինչի համար էլ իշխանությունը Սահմանադրության մեկ դրույթն է ուզում փոխել։ Մարուքյանը նշեց, որ նախ իշխանությունը փորձեց Թովմասյանի հարցը լուծել քրեական գործերով, հետո ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելով, սակայն երկու դեպքում էլ կես ճանապարհին կանգնեցին։ Եվ հիմա, ըստ նրա, հակասահմանադրական հանրաքվե են փորձում անցկացնել։

«Հանրաքվեն ամբողջությամբ ապօրինի է։ Կարծում ենք` հակասահմանադրական հանրաքվեի պրոցեսում չպետք է լինի հակառակ ճամբար։ Այսինքն` պետք է լինի միայն «Այո»–ի ճամբար, քանի որ իշխանությանը պետք է «Ոչ»–ի ճամբար, որ ասեն` տեսեք, այս մարդիկ չեն ուզում ոչինչ փոխվի։ Որևէ ճամբարում մեզ չենք տեսնում, չենք պատրաստվում դառնալ հակահերոս»,–ասաց Մարուքյանը։

Նա բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց չմտնել ատելության պատերազմի մեջ` թողնելով, որ «Այո»–ն մենակ մնա։

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ նախագահին, ապա նա, ըստ Մարուքյանի, ի տարբերություն իրենց, չկարողացավ Փաշինյանին ասել, որ նման բան անել չի կարելի։

«Այ գյադա, շուտով գնդակները որոտալու են». Մարուքյանը դիմել է դատախազություն

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։

Հայտնի են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի ժամկետները. ԿԸՀ