«Բարգավաճ Հայաստանը» դեռ չի որոշել` որ ճամբարում է լինելու` «այո»–ի, թե «ոչ»–ի

Հայտնի է միայն, որ ԲՀԿ–ն Սահմանադրական դատարան չի դիմի։ ՍԴ–ն, Ծառուկյանի համոզմամբ, շահագրգիռ կողմ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Թե որ ճամբարում է գործելու «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին, կուսակցությունը դեռ չի որոշել։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«Այո»-ի, թե «ոչ»-ի ճամբարում լինելու որոշումը կկայացվի առաջիկայում սպասվող կուսակցության խորհրդի նիստում։

Որքան արժե Թովմասյանի հրաժարականը. հանրաքվեի ծախսերը հաշվարկվում են

«Մենք խորհրդի նիստ կհրավիրենք, կքննարկենք և մեր տեսակետը կհայտարարենք»,-ասաց Ծառուկյանը։ Իսկ իր անձնական դիրքորոշումը ԲՀԿ նախագահը չցանկացավ հայտնել` խմբակցության անդամների որոշման վրա անուղղակիորեն չազդելու համար:

Խորհրդի նիստի օրն, ըստ Ծառուկյանի, դեռ որոշված չէ։

Իսկ ընդհանրապես հանրաքվեի գաղափարին, Ծառուկյանի խոսքով, ԲՀԿ–ն կողմ է։ Կուսակցության ղեկավարը հիշեցրեց, որ այդ տեսակետը դեռ ԱԺ արտահերթ նիստում իր ելույթի ժամանակ հնչեցրել էր պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հայտարարել էր, որ պատրաստ են 24 ժամ աշխատել, միայն թե ընդունվող նախագիծը լիարժեք լինի, իրավականորեն անթերի։

«Լուսավոր Հայաստանը» ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի` նախորդ իշխանության մերժած նախագիծը

«Մենք սպասում էինք արձագանքի, արձագանք չեղավ, դրա համար էլ չմասնակցեցինք քվեարկությանը»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ ԲՀԿ–ն միանա ընդդիմադիր այլ ուժերին ու միասնական դիմում ներկայացնեն ՍԴ` վիճարկելով ԱԺ որոշման սահմանադրականությունը, Գագիկ Ծառուկյանը բացասական պատասխան տվեց` ասելով. «Քանի որ Սահմանադրական դատարանը շահագրգիռ կողմ է, մենք ձեռնպահ կմնանք»։

«Լուսավոր Հայաստանը» ներկայացրեց Նիկոլ Փաշինյանի` նախորդ իշխանության մերժած նախագիծը

Հիշեցնենք, որ ապրիլի 5–ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին և կավարտվի ապրիլի 3-ին։

ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց նախագիծը։ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի կդրվեի ապրիլի 5–ին։