Այգիներ, մանկապարտեզներ, շենքեր են յուրացրել. Լոռու մարզպետը բացահայտումներ է խոստանում

Լոռիում հողերի ապօրինի յուրացումներն այնպիսի ծավալների են հասնում, որ դրանք չեն կարող միանգամից բացահայտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Տարբեր տարիների ընթացքում Լոռիում այգիներ, մանկապարտեզներ, շենք ու շինություններ են յուրացվել։ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ ծավալների են հասնում հողային ապօրինի յուրացումները, և հիմնականում ինչ է յուրացվել։

«Միայն նախորդ տարի ես մի քանի տասնյակ յուրացումների մասին ահազանգել եմ պատկան մարմիններին։ Հողերի ապօրինի յուրացումներն իրականում շատ մեծ ծավալ են կազմում, այսինքն` դրանք այնպիսի ծավալների են հասնում, որ բոլորը չենք կարող միանգամից բացահայտել»,– ասաց մարզպետը։

Ղուկասյանի խոսքով` վերջերս, օրինակ, Վանաձորում 3-4–հարկանի շինությունը 2 մլն դրամով օտարելու դեպք է բացահայտվել, այն դեպքում, որ շենքի իրական արժեքը 71 մլն դրամ է։ Նա հայտնեց նաև, որ յուրացումների բացահայտման գործում կարևոր է համայնքապետների դերակատարումը։ Սակայն, ըստ մարզպետի, մի շարք համայնքներում հին համայնքապետներն են շարունակում պաշտոնավարել, որոնք իրենց դեմ որևէ գործընթաց չեն անի:

ԱԱԾ–ն Հայաստանում ֆինանսական բուրգի մասնաճյուղի գործունեություն է բացահայտել

Ոստիկանները բացահայտել են Մետրոպոլիտենի նախկին տնօրենի ապօրինությունները. տեսանյութ

Ղուկասյանը նշեց` Լոռու մարզն այս առումով եզակի չէ, քանի որ մի շարք մարզերում են նման պրոցեսներ ընթացել։ Նա վստահեցրեց` առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն։

Հիշեցնենք, որ 2019–ի օգոստոսի 2–ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ում ներկայացրել էր Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի օրոք ընդունված որոշումներից մեկը, համաձայն որի` 2005թ.–ին քաղաքի մանկապարտեզի շենքն (884,5 քմ տարածքով) ընդամենը 12.5 մլն դրամով վաճառել են Հանրապետական կուսակցությանը։

ԱԱԾ-ն խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք է բացահայտել քաղաքապետարանում