ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում 8:1 հաշվով պարտության մատնեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ Մատի Կուսմանենին:
Օլիմպիական չեմպիոնը գոտեմարտի առաջին մրցափուլում վճռեց մրցակցության ելքը` վաստակելով յոթ միավոր: Կուսմանենը երկրորդ մրցափուլում ամեն ինչ արեց կորցրածը հետ բերելու համար, բայց ապարդյուն:
Ինչպես և սպասվում էր, «Սպիտակ արջը» 97 կգ քաշային կարգում հաղթողի հիմնական հավակնորդն է: 1/8 եզրափակիչում թուրք Չենկ Իլդեմին 5:1 հաշվով հաղթելուց հետո Ալեքսանյանը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ բուլղարացի Կիրիլ Միլովի նկատմամբ՝ 9:0: Եվ ահա կիսաեզրափակիչում, չնայած Կուսմանենի ջանքերին, Ալեքսանյանին հաղթել չհաջողվեց: Վաղը եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Իտալիան ներկայացնող վրացի ըմբիշ Նիկոլոզ Կախիաշվիլին:
67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը նույնպես շատ մոտ էր եզրափակիչ հասնելուն: Հայ ըմբիշը շատ լավ էր անցկացրել նախորդող գոտեմարտերը` հաղթանակի հասնելով համապատասխանաբար շվեդ Օսկար Էռլանդսոնի (3:1), վրացի Գեորգի Շոթաձեի (9:0) և սերբ Մատե Նեմեշի (10:1) նկատմամբ: Կիսաեզրափակիչ գոտեմարտը Ռուսաստանը ներկայացնող Նազիր Աբդուլաևի հետ շատ դժվարին ստացվեց: Ի վերջո 4:3 հաշվով հաղթանակ տոնեց Աբդուլաևը: Կարեն Ասլանյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի կոչման համար վաղը գոտեմարտելու է 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, իսկ այսօր Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցելու է Բուլղարիան ներկայացնող Հայկ Մնացականյանի հետ:
Հենոն բոլորից առաջ է անցել. Ֆոնսեկան որոշիչ խաղում հույսը դրել է նրա վրա